«Մեր սերունդը սնվել է Արցախյան հերոսամարտի հպարտությամբ»

– ԱԲՋ ընդունված հիվանդի հետազոտումն ու բուժումն սկսվում են ընդունարանից,- մեզ հետ զրույցում նշում է ԼՂՀ ՊԲ Մեխակավանի ԱԲՋ-ի ընդունման բաժանմունքի բուժքույր Հռիփսիմե Մարտիրոսյանը:- Ընդունման բաժանմունքի պետի կամ հերթապահ բժշկի կողմից կատարվում են հիվանդի զննում և առաջնային կլինիկական հետազոտություններ: Անհրաժեշտության դեպքում իրականացվում է բժիշկ-մասնագետների խորհրդատվություն, և անհետաձգելի բուժական միջոցառումներ են կիրառվում: Այստեղ է որոշվում նաև հիվանդի ախտորոշիչ հետազոտությունների ծավալը(ընդունարանին կից շուրջօրյա գործում են լաբորատոր և ֆունկցիոնալ հետազոտությունների կաբինետները):Բժշկական տեսակավորումից հետո հիվանդին ուղեկցում ենք համապատասխան բաժանմունք:

Համառոտ ներկայացնելով՝ ինչպես է ընթանում ծառայությունը ընդունման բաժանմունքում, բուժքույրը հավելում է՝ պատերազմական պայմաններում ընդունարանը նաև որպես վիրավորների տեսակավորման հարթակ է ծառայում: Ապրիլյան պատերազմի օրերին ԼՂՀ ՊԲ Մեխակավանի ԱԲՋ են ընդունվել ոչ միայն վիրավորներ՝ հարավարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից, այլև աշխարհազորայինները: Մարտական գործողությունների գոտի մեկնելուց առաջ և վերադառնալուց հետո կատարվել են պարտադիր հետազոտություններ, և անհրաժեշտության դեպքում աշխարհազորայիններին նույնպես անհետաձգելի բուժօգնություն է ցուցաբերվել:

Այդ օրերին և՛ ընդունարանում, և՛ լաբորատորիայում աննախադեպ ծավալի աշխատանք է իրականացվել: Վիրահատարանը, վիրակապարանները կամ զբաղված են եղել, կամ նախապատրաստված՝ վիրավորների հաջորդ հոսքը ընդունելուն: Մեր բժիշկները անզիջում պայքար են մղել յուրաքանչյուր վիրավորի կյանքը փրկելու համար, և բոլոր վիրավորները, որոնք հասել են այստեղ, փրկվել են:

Քառօրյա պատերազմի վերջին վիրավորին ընդունել ենք ապրիլի 5-ին՝ վաղ առավոտյան,- հիշում է բուժքույրը, ապա շարունակում,- …ինչերի միջով անցանք: Կարծես ֆիլմ էր, մենք էլ՝ դերակատարներ՝ ամեն մեկս մեր դերը սերտած, և կատարում էինք՝ զգացմունքներին չտրվելով:

Ինչպես տեղեկացանք, Հռիփսիմե Մարտիրոսյանի ամուսինը՝ Արտուշ Արզումանյանը, այդ օրերին առաջնագծում է եղել: Նա ծառայում է ԼՂՀ ՊԲ հարավարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասում. վաշտի հրամանատար է, լեյտենանտ: Նրանց ընտանիքն արդեն 15 տարի Արցախում է բնակվում՝ Մարջանլու, Արա լեռ, հետո՝ Ջեբրայիլ:

Մեր սերունդը սնվել է Արցախյան հերոսամարտի հպարտությամբ, և երբ տեղափոխվեցինք այստեղ, ինձ ոգևորում էր այն միտքը, որ մենք էլ Արցախի պաշտպանության բանակի մի մասնիկն ենք լինելու,- ասում է բուժքույրը,- իսկ որդիներիս շուրթերին այսօր ասքեր են ապրիլյան պատերազմի հերոսների՝ մեր զինվորների մասին: Նրանք ապացուցեցին, որ այսօր հայոց բանակն ի զորու է «փոքր ուժերով մեծ խնդիրներ կատարելու»: Դիմակայեցին թշնամուն, մինչև աշխարհազորայինները կարողացան հասնել ու ավելի ամուր դարձնել շարքերը (երբ կամավորականների ջոկատներն առաջնագծից ԱԲՋ էին վերադարձել, խոսքեր չէին գտնում մեր զինվորների խիզախությունը, նվիրումը պատմելու, իրենց հիացմունքն արտահայտելու համար):

Բուժքույրը մի պահ լռում է, ապա նորից պատմում.

– Ապրիլի 2-ին, երբ բժիշկներն արդեն ԱԲՋ-ում էին, զորքը՝ առաջնագծում, և հստակ գիտեինք, որ պատերազմը սկսվել է, զանգեցի տղաներիս (երեք որդի ունենք), որպեսզի դպրոց և մանկապարտեզ չգնան: Ժամեր անց ամուսինս զանգեց ու ասաց, որ երեխաներին անհապաղ դուրս բերենք Ջեբրայիլից: Զանգեց երկրորդ, երրորդ անգամ, և ես հասկացա, որ իրավիճակը իսկապես բարդ է: Սակայն ո՛չ ես, ո՛չ ամուսինս չկարողացանք տուն գնալ՝ երեխաներին ճանապարհելու: Նրանք հավաքել էին իրենց իրերն ու հարևանների հետ դուրս եկել Ջեբրայիլից: Այստեղ ծառայող սպաների բարեկամները տաքսիներ էին ուղարկել իրենց հարազատներին դուրս բերելու համար կամ իրենք էին եկել ավտոմեքենաներով:

Բազմաթիվ ընտանիքներ էլ՝ սպաների կանայք, երեխաներ, ապրիլի 2-ին և 3-ին չկարողացան դուրս գալ այստեղից: Նրանց ամուսիններն առաջնագծում էին: Բարեկամները չէին կարողացել գալ, իսկ մեքենաները կանգնած էին բակերում, բայց վարորդներ չկային (…Դուք պատկերացրե՛ք՝ ինչ կզգա այն սպան, ով, մասնակցելով մարտական գործողություններին, նաև մտածում է՝ բոլորը դուրս են եկել, շենքը դատարկվել է, բայց իր ընտանիքը դեռ տանն է):

Օրվա մեջ մի քանի անգամ զանգում էինք նրանց. միացնում էին հեռախոսներն ու միայն մի բառ ասում: Այդքանը մեզ բավական էր: Խաղաղվում էինք որոշ ժամանակ՝ իմանալով, որ նրանց ոչինչ չի պատահել… Ուրեմն կդիմանանք: Ուզում էինք հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու:

Երբ սկսվում են մարտական գործողությունների օրերին սպանված զինծառայողների մարմինները դուրս բերելու աշխատանքները, որոնք իրականացվում էին ԵԱՀԿ ներկայացուցիչների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անմիջական մասնակցությամբ, վաշտի հրամանատար Արտուշ Արզումանյանը և մի խումբ սպաներ խնդրում են իրենց ուղարկել մարտական ընկերներին գտնելու և վերադարձնելու…

– Նա տուն եկավ,- հիշում է Հռիփսիմեն,- հագավ նոր համազգեստը, փոքրիկ սրբապատկերը դրեց գրպանը, ապա դուրս եկավ: Լուռ էր, մտազբաղ. չասաց՝ ուր է գնում: Երբ ճանապարհեցի նրան ու նորից ԱԲՋ վերադարձա, ժամեր անց պատահաբար լսեցի, որ նրանք գնացել են զոհվածների մարմինները դուրս բերելու:

…Սակայն այդ օրը ոչ մեկի մարմինը չէին գտել: Տեսել էին, որ հողը արյունոտ է, հասկացել էին, որ մարմիններն այդտեղից տեղափոխել են, բայց ոչինչ չէին կարողացել անել: Մեր սպաները որոնողական աշխատանքներն իրականացրել են թշնամու նշանառության ներքո: Նրանցից յուրաքանչյուրը տեսել է իր վրա ուղղված զենքի փողը, բայց շարունակել է փնտրել իր զինվորին, իր մարտական ընկերոջը:

Բոլոր անհայտ կորածները մեր ընկերներն էին, մեր հարազատները: Երբ լսեցինք, որ դիակները չեն հայտնաբերվել, հոգու խորքում ուզում էինք նրանց նորից տեսնելու հույսեր փայփայել, բայց միևնույն ժամանակ գիտակցում էինք՝ եթե վիրավոր են, ապա՝ որտեղ:

Փոխգնդապետ Ալիկ Ալեքսանյանն ամուսնուս մտերիմ ընկերն էր. 2002 թվականից նրանք միասին են ծառայել: Մերին՝ Ալիկի կինը, մինչև ապրիլի 10-ը մեզ մոտ էր, ինձ հետ նստած էր ԱԲՋ-ի ընդունարանում: Հավատում էր, որ ամուսինը վիրավոր է: Սպասում էր, որ ուր որ է նրան էլ կբերեն: Հիշում էր նրա խոսքերը. «Դու սպայի կին ես, պետք է պատրաստ լինես»: Հետո դառնում էր մեզ ու հուսահատ կրկնում. «Բայց ես պատրա՛ստ չեմ, հասկանո՞ւմ եք, ես պատրա՛ստ չեմ…»:

…Ընդունարանում ծանր լռություն է տիրում: Հռիփսիմեն բարձրացնում է հայացքը.

-…Սպայի կին լինելը նաև հպարտություն է: Տեղափոխություններ, անհանգիստ գիշերներ, սպասում, տագնապ. այս ամենը մեր կյանքից անբաժանելի են: Սակայն երբ գիտակցում ես, որ քո կողակիցը հայրենիքի պաշտպանության մարտիկն է, և՛ հպարտ ես, և՛ անբացատրելի տոկունությամբ դիմակայում ես բոլոր փորձություններին… Եվ կյանքն անվերջանալի պայքարի, մեծ ու փոքր հաղթանակների, ուրախությունների, ցավոք, երբեմն նաև կորուստների շղթա է դառնում…

Էդիտա Մելքոնյան

  • a111
  • a22