Հրաշքով «վերածնվածը». կրտսեր սերժանտ Հովհաննես Պողոսյան

Այս տարվա մայիսի 14-ն էր: Համացանցում ուշադրությունս գրավեց մի գրառում. Արցախյան ազատամարտի մասնակիցներից մեկը, ով նաև ապրիլյան պատերազմի օրերին կամավոր մեկնել էր Արցախ և օրեր առաջ վերադարձել մարտական հերթապահությունից, գրում էր. «Զինվորս այս գիշեր նորից վիրավորվել է. վիճակը՝ կայուն ծանր։ Խնդրում եմ՝ ինձ հետ միասին ապաքինում մաղթենք, մեր սրտերն իր հետ թո՛ղ լինեն հիմա։ Վաղը մեր «ձիգ սաստավով» վերադառնում ենք նույն այդ դիրքը։ Վրեժն առնելու ենք։ Հաջողություն մաղթեք»։

Ապրիլյան պատերազմի օրերին ազատամարտիկը զինվորի հետ նույն դիրքն էր պահել, միասին հաց էին կիսել, ու հարազատ հոր տագնապով էր գրում:

Սկսեցի հետևել էջին. թեպետ գիտակցում էի, որ տեղեկատվությունը հավաստի է, բայց հույս ունեի, որ, այնուամենայնիվ, պիտի հերքվի: Սակայն, ցավոք, չուշացավ նաև պաշտոնական հաղորդագրությունը. «Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման հետևանքով ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային ծանր վիրավորում է ստացել զինծառայող, 1995 թ. ծնված Հովհաննես Պողոսյանը»:

Ազատամարտիկի էջում երկրորդ գրառումն ավարտվում էր խնդրանքով. «Խնդրում եմ՝ ո՛ղջ մնա, Հովո՛ ջան»:

Շուտով միմյանց հաջորդեցին կարճ հրապարակումները զինվորի մասին: Հուսադրող ոչ մի լուր ու… դատավճռի նման՝ վիճակը՝ ծայրահեղ ծանր: Անբացատրելի կապվածություն էի զգում զինվորի նկատմամբ, ով առաջին անգամ վիրավորվելուց հետո կրկին վերադարձել էր դիրքեր՝ պարտքը կատարելու ու… պայքարում էր՝ ապրելու համար: Հավատում էի՝ անպայման կհաղթի, կապրի, ու մի օր հաստատ կգրեմ նրա մասին:

Օրեր անց մեկնեցի Մարտակերտ՝ լուսաբանելու ԱԲՋ-ի բուժանձնակազմի, հիրավի, հերոսական ծառայությունը պատերազմի օրերին: Բժիշկները հիացմունքով ու հպարտությամբ պատմեցին Հովհաննեսի մասին: Վիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր, բ/ծ լեյտենանտ Դավիթ Մարգարյանն էլ նշեց, որ զինվորն ազդրի շրջանի բեկորային թեթև վիրավորումով ԱԲՋ էր տեղափոխվել ապրիլի 9-ին, թեև վիրավորվել էր ապրիլի 4-ին: Լինելով դիրքի ավագ՝ Հովհաննեսը չէր ցանկացել պատերազմական լարված օրերին թողնել դիրքը և բժիշկներին էր դիմել միայն այն ժամանակ, երբ համոզված է եղել, որ իրավիճակը հանդարտվել է: Բեկորը հեռացնելուց հետո մի քանի օր մնացել է ԱԲՋ-ում՝ ամեն օր բժիշկներին հարցնելով՝ երբ կկարողանա վերադառնալ դիրքեր: Վերադարձել է և մայիսի 13-ին կրկին վիրավորվել:

Հետագա ամիսների ընթացքում ևս հետաքրքրվում էի Հովհաննեսի առողջական վիճակով, սակայն ցանկանում էի նրան այցելել այն ժամանակ, երբ ինքը կկարողանա խոսել, երբ ամեն ինչ կպատմի հենց ինքը:

***

Եվ ահա օրեր առաջ Հովհաննեսին հանդիպում եմ իրենց տանը: Ողջունում եմ, հետաքրքրվում որպիսությամբ: Ի պատասխան՝ զինվորն անուշ ժպիտով ասում է.

– Սուրճ խմելու ենք, չէ՞:

– Քեզ հետ՝ անպայման,- ես էլ եմ ժպտում:

Ծանր վիրավորված ու մահին հաղթած զինվորը թեև փոքր-ինչ դժվարությամբ, բառերը ընտրելով, բայց պատրաստակամ զրուցում է հետս, անգամ կատակներ է անում: Խոստովանում է, որ որոշ դրվագներ դեռևս դժվարությամբ է հիշում: Երբեմն էլ հիշում է, բայց դժվարանում է պատմել: Քույրը՝ Հասմիկը, օգնում է մեզ:

Նախ զրուցում ենք ծառայության մասին: Ասում է, որ սիրով է ծառայել, դիրքի ավագ է եղել, կրտսեր սերժանտ: Քույրը հավելում է, որ եղբայրը չափազանց լուրջ է տրամադրված եղել ծառայության նկատմամբ: Իր կամքով մասնակցել է սերժանտական դասընթացների: Օրինակելի զինվոր է եղել:

Ապրիլի 1-ին հերթափոխը հանձնելով՝ Հովհաննեսն իջնում է դիրքերից: Նույն գիշերը սկսվում են մարտական գործողությունները, և տագնապով կրկին բարձրանում է դիրքեր: Ապրիլյան օրերի մասին ոչինչ չի պատմում (ինքս էլ չեմ ցանկանում զինվորին ծանրաբեռնել), իսկ մարտական գործողությունները նկարագրում է մեկ արտահայտությամբ՝ «Սարսափելի էր»:

Ապրիլի 4-ին ազդրի շրջանում բեկորային վիրավորում է ստանում, սակայն որոշում է՝ պետք է մնա դիրքերում, քանի որ դիրքի ավագ է և չի կարող միայնակ թողնել զինակից ընկերներին: Ինքնուրույն մշակում է վերքը և վիրակապում: Միայն ապրիլի 9-ին է դիմում բժիշկներին և տեղափոխվում Մարտակերտի ԱԲՋ:

«Դեռ պետք է կռվեինք, պիտի պատրաստ լինեինք»,- ասում է Հովհաննեսը:

«Ապրիլի 2-ի առավոտյան, երբ կարդացի սահմանին տիրող իրավիճակի մասին լուրերը, անհանգստացա, ինչպես բոլոր զինվորների հարազատները: Ուզում էի գոնե եղբորս ձայնը լսել, քանի որ գիտեի՝ վտանգավոր հատվածում է: Օրվա ընթացքում լուր տվեց, որ ամեն ինչ լավ է, որ ինքը դիրքեր չի բարձրացել,-հիշում է քույրը,- իհարկե, հասկացա, որ ստում է, փորձում է հանգստացնել: Անհնար է նկարագրել մեր ապրումներն այդ օրերին: Իսկ վիրավորվելու մասին մենք պատահաբար իմացանք ապրիլի 9-ից հետո միայն. ինքը չէր ցանկացել ասել: Կապ հաստատեցինք հետը, և զրույցի ընթացքում անզգուշորեն այնպիսի բառ ասաց, որ կռահեցի՝ վիրավոր է: Մայրս այդ ժամանակ ՌԴ-ում էր: Ես ցանկանում էի մեկնել Արցախ, բայց Հովհաննեսը թույլ չտվեց: Մի քանի օր անց կրկին բարձրացավ դիրքեր»:

Մայրը՝ տիկին Գայանեն, ևս ուշ է իմացել, որ որդին վիրավոր է:

«Մայիսի 11-ին վերադարձա ՌԴ-ից, որպեսզի մեկնենք Արցախ՝ Հովհաննեսին տեսության: Մայիսի 13-ին վերջին անգամ խոսեցի հետը, նույն օրը որդիս ծանր վիրավորվեց: Երեկոյան արդեն գիտեինք»,– պատմում է զինվորի մայրը:

Հովհաննեսի հիշողության մեջ վերականգնվել են մայիսի 13-ի միջադեպի բոլոր դրվագները, սակայն չի ցանկանում պատմել: Ասում է՝ թո՛ղ անցած լինի:

«Ընտանիքիս բոլոր անդամները, բացի ինձնից, գիտեին, որ եղբայրս ծանր վիրավոր է: Մայիսի 14-ի առավոտյան աշխատավայրում ասացին, որ նորից վիրավոր ունենք: Սկսեցի կարդալ նորությունները և եղբորս անունը տեսա»,- հիշում է քույրը:

Հովհաննեսը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվում է նախ Մարտակերտի ԱԲՋ, ժամեր շարունակ տևած բարդ վիրահատության ենթարկվում, ապա տեղափոխվում Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ ևս վիրահատվում է:

Նույն օրը մայրը հասնում է Ստեփանակերտ: Տիկին Գայանեն Հովհաննեսի ապաքինումը հրաշք է համարում. «Թե՛ Մարտակերտում, թե՛ Ստեփանակերտում բժիշկները պայքարել էին որդուս կյանքի համար, վիճակը ծայրահեղ ծանր էր, ու ապրելու հույս չկար: Սակայն Աստծո ձեռքը տղայիս գլխին էր: Հովհաննեսը տեղափոխվեց ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Մենք դժվար ճանապարհ անցանք և դեռ այդ ճանապարհին ենք, բայց մեզ հետ իրական հրաշք տեղի ունեցավ… արդյոք հրաշք չէ՞, որ որդիս այսօր մեր կողքին է: Երբ կոմայից արթնացավ, մեզ հասկացրեց (խոսել գրեթե չէր կարողանում), որ երազ է տեսել: Սպիտակ հագուստով մի խումբ հրեշտակներ փորձել էին նրան տանել իրենց հետ, հետո տեսել էր ինձ, ձեռքը բռնել ու հետ էի բերել»:

Հովհաննեսը նորից հիշում է երազը, իսկ մայրը շարունակում է. «Բժիշկներն ասել էին, որ ուշ կխոսի: Շուրթերով որոշ բաներ հասկացնում էր: Անհամբեր սպասում էի, որ ձայնը լսեմ: Ամիս ու կես հետո, երբ հանեցին կոկորդի խողովակը, բարձրաձայն ասաց առաջին բառը՝ մամ:

…Հովհաննեսը մի լուսանկար ունի, որ տարածվել էր համացանցում: Համազգեստի գրպանում դանակ կար, որը պատերազմի օրերին ազատամարտիկներից մեկն էր նրան նվիրել: Վերակենդանացման բաժանմունքում մեզ ասացին, որ ցույց տանք իր նկարներից, որպեսզի սկսի աստիճանաբար հիշել: Երբ նկարը տեսավ, սկսեց անհանգստանալ, թե որտեղ է իր դանակը: Մեծ դժվարությամբ էր խոսում, բայց կարողացավ հասկացնել, թե ով կիմանա դանակի գտնվելու վայրը: Զինակից ընկերները խոստացան, որ անպայման կբերեն»:

Հովհաննեսը, կարծես ինչ-որ բան հիշելով, ընդհատում է զրույցը ու հարցնում՝ «Որտե՞ղ է ժամացույցս»:

«Բեկոր Աշոտի (Աշոտ Ղուլյան) ժամացույցն է: Նրա հարազատներից մեկը, երբ եկել էր Հովհաննեսին տեսության, նա է նվիրել: Թանկ նվեր է Հովհաննեսի համար,- ասում է մայրը և շարունակում,- երբ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում էինք, շատ էին այցելում Հովհաննեսին: Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը հոսպիտալի պետի՝ Արամ Ասատուրյանի ուղեկցությամբ մտավ հիվանդասենյակ: Հովհաննեսը գրեթե ոչինչ չէր հիշում, բայց տեսնելով պարոն Ասատուրյանի զինվորական համազգետսը՝ հավանաբար հիշեց, որ զինվոր է և փորձեց ձեռքը բարձրացնել, որ պատվի առնի: Բժիշկները միշտ ժպիտով էին դա հիշում»:

Հովհաննեսի վերականգնողական բուժումն այս պահին ընթացքի մեջ է: Ժամանակ առ ժամանակ նա տեղափոխվում է «Քրոս» կենտրոն և բուժման հերթական փուլն անցնում: Մայրը նշում է, որ բժիշկների համոզմամբ՝ Հովհաննեսի հիշողությունը և խոսքը ժամանակի ընթացքում կկարգավորվեն: Հավանաբար, գարնանը ևս մեկ անգամ գլխի վիրահատության կենթարկվի: Աջ վերջույթները դեռևս թույլ են, բայց զգուշությամբ քայլում է: Ձախ ձեռքով սկսում է գրել, որոշակի չափով նաև կարդում է:

«Ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել Մարտակերտի ԱԲՋ-ի, Ստեփանակերտի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի, ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի, ինչպես նաև «Քրոս» կենտրոնի բոլոր բժիշկներին՝ անուն առ անուն: Նրանք որդուս համար արել են անհնարինը, նոր կյանք են պարգևել նրան: Արցախյան պատերազմի մասնակից բժիշկներից մեկն անգամ արյուն էր հանձնել որդուս համար: Ես զարմացած ու հիացած եմ բժիշկների վերաբերմունքով… Այդքան ջերմություն, հոգատարություն ես երբեք չէի պատկերացնի: Անհնար է նկարագրել, թե օրը քանի անգամ էին գալիս Հովհաննեսի մոտ, հետաքրքրվում: Երբ արդեն Երևանում էինք, անգամ Մարտակերտի բժիշկները մի քանի անգամ տեսակցության են եկել»,- մեր զրույցն ամփոփում է տիկին Գայանեն:

Հ.Գ.: Հովհաննեսը աջ ձեռքը դժվարությամբ է շարժում: Երբ փորձում էր ինձ ցույց տալ, թե որքան կարող է թևը բարձրացնել, նկատեցի աջ ձեռքին դաջված «Ամեն ինչ կանցնի» (ռուսերեն) արտահայտությունը: Հովհաննեսը հավատում է, և բոլորս ենք հավատում՝ ամեն ինչ կանցնի: Զինվորն արդեն հաղթել է ամենակարևոր մարտում. հաղթել է մահին:

Հասմիկ Գյոզալյան

  • 4
  • 2 (2)
  • 3 (1)