43 տարի՝ վիրաբուժության բաժանմունքում

«Տիկին Ալլան ինձ համար կարծես երկրորդ մայր լինի»,- այսպես է իր խոսքը սկսում ՀՀ ՊՆ ԿԿԶՀ վիրաբուժության բաժանմունքի ավագ բուժքույր Էդմիլա Աթանեսյանը, երբ խնդրում եմ բնութագրել նույն բաժանմունքի և հոսպիտալի ամենաերկարամյա բուժաշխատող, պրոցեդուրային բուժքույր Ալլա Բարսեղյանին:

«ԿԿԶՀ-ում ծառայության անցնելու առաջին տարիներին թեև աշխատում էի այլ բաժանմունքում, ծառայության բնույթով պայմանավորված՝ տիկին Ալլայի հետ ամեն առավոտ հանդիպում էինք: Ինքս էլ, չհասկանալով պատճառը, ցանկանում էի, որ նա ավելի երկար մնար, ուզում էի անվերջ զրուցել հետը, պատմել ինձ հուզող խնդիրների մասին: Նա թույլ էր տալիս, լսում էր: Ես հարազատ հոգի էի գտել: Տարիներ անց նշանակվեցի վիրաբուժության բաժանմունքի ավագ բուժքույր և անկեղծ ուրախ էի, որ տիկին Ալլան հենց այդ բաժանմունքում է, միաժամանակ հանգիստ էի. եթե հանկարծ դժվարանամ, մայրաբար կօգնի: Իր երկարատև, նվիրված ծառայությամբ բոլորիս համար օրինակ է տիկին Ալլան: Այս բաժանմունքում նա ի սկզբանե ուսուցիչ է եղել բուժքույրերի համար և այսօր էլ շարունակում է մնալ այդպիսին: Մեր ավագ գործընկերը վաստակել է բոլորիս սերը: Երջանկություն է այդպիսի լավ ընկեր, խորհրդատու ունենալը»,- շարունակում է ավագ բուժքույրը:

4 տասնամյակից ավելի՝ արդեն 43 տարի, Ալլա Բարսեղյանի յուրաքանչյուր օրը սկսվում ու իմաստավորվում է՝ վիրաբուժության բաժանմունք մտնելով. նախքան ԿԿԶՀ կազմավորումը տիկին Ալլան երկար տարիներ աշխատել է երկաթգծի հիվանդանոցում, որը գործել է ներկայիս հոսպիտալի տարածքում:

Ազնիվ, անբիծ աշխատանքային կենսագրություն է հյուսել տիկին Ալլան, ծառայել անմնացորդ նվիրումով՝ չխնայելով ինքն իրեն: Երկարատև, դժվարին ծառայության ընթացքում մեծ վաստակ ունեցող բուժքույրն արդարացիորեն արժանացել է թե՛ զինվորների, թե՛ բուժանձնակազմի հարգանքին: Բուժքույրերի երիտասարդ սերնդի համար եղել է ուսուցիչ:

Ծնվել է Վրաստանում՝ Թբիլիսիում: Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Երևան:

«Ավագ քույրս ընդունվել էր ԵՊՀ, ես էլ, քանի որ գերմաներենին բավականին լավ էի տիրապետում, ուժերս փորձեցի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, սակայն միավորներս չբավարարեցին: Դասընկերուհիս համոզեց ավելորդ ժամանակ չկորցնել և դիմել բժշկական ուսումնարան: Միշտ համոզված էի, որ բուժքրոջ մասնագիտությունն իմը չէ, քանի որ չափից ավելի զգացմունքային եմ, սակայն դիմեցի բժշկական ուսումնարան: Հիշում եմ՝ ընդունելության քննությունից հետո, երբ դուրս եկա ուսումնարանի շենքից, նկատեցի, որ բոլորին սպասում են, միայն ինձ դիմավորող չկա: Քրոջս հետ բնակվում էինք Չարենցի փողոցում գտնվող վարձակալած բնակարանում: Ամառվա տապին ուսումնարանից մինչև Չարենցի փողոց շնչակտուր վազեցի և առաջինը տանտիրոջը պատմեցի ուսումնարան ընդունվելու ուրախությանս մասին»,- հիշում է զրուցակիցս:

Չափազանց լուրջ էր տրամադրված ուսման նկատմամբ, աչքի էր ընկնում գերազանց առաջադիմությամբ և աստիճանաբար սկսեց սիրել մասնագիտությունը:

«Մի անգամ գործնական դասընթացների ժամանակ, երբ մեզ ներարկել էին սովորեցնում, երևի շփոթմունքից սխալվեցի: Վճռեցի՝ այլևս ներարկիչը չեմ վերցնի ձեռքս: Սկսեցի ցավով մտածել, որ սխալ ճանապարհ եմ ընտրել ինձ համար: Այդ ընկճվածությունը, սակայն, կարճ տևեց, կրկին ոգևորվեցի ուսման հաջողություններով և շարունակեցի յուրացնել բուժքրոջ գործի հմտությունները»,- շարունակում է տիկին Ալլան:

1973 թվականին 20-ամյա նորավարտ բուժքույրը ոտք դրեց երկաթգծի հիվանդանոց և աշխատանքի անցավ վիրաբուժության բաժանմունքում: Տիկին Ալլայի ոչ միայն մասնագիտական ճանապարհը, այլև ճակատագիրն է կապված այդ բաժանմունքի հետ. ավագ բուժքրոջ՝ Հրանուշի հետ ընկերացան, իսկ հետագայում նա դարձավ Ալլայի ամուսնու քույրը:

«Հրանուշի հայրը ծանր հիվանդացավ, բուժվում էր մեր բաժանմունքում,- հիշում է զրուցակիցս,- ինչպես ժողովուրդն է ասում՝ երևի սիրտն էի մտել, միայն ինձ էր թույլ տալիս, որ ներարկեմ իրեն: Տանը որդու հետ խոսել էր իմ մասին… Մի օր՝ աշխատանքային օրվա ավարտին, հոսպիտալի մոտ հանդիպեցի Հրանուշի եղբորը: Կարծեցի՝ պատահականություն է, սակայն ինձ տուն ուղեկցեց և հայտնեց իր մտադրությունների մասին: Անսպասելի ու անսովոր էր, քանի որ ընկերուհուս եղբայրն էր:

…Արդեն որոշել էինք նշանադրության օրը, երբ նրանց հայրը մահացավ: Որոշ ժամանակ անց ամուսնացանք: Մեր առաջնեկին անվանակոչեցինք ամուսնուս հոր անունով՝ Հրաչյա: Երեք զավակների՝ 2 որդու և մեկ դստեր մայր եմ, 2 թոռների տատիկ»:

Երբ կազմավորվեց զինվորական հոսպիտալը, արդեն փորձառու բուժքույրը շարունակեց աշխատել այնտեղ: Երբ հիշում է պատերազմական տարիների, մեծ թվով վիրավորների մասին, տիկին Ալլայի ժպիտը փոխարինվում է աչքերում նշմարվող ցավով: Հասկանում եմ և խնդրում եմ հիշել այն, ինչը մեծ վիշտ է պատճառել. «Ծանր ժամանակներ էին. հոսպիտալը դարձել էր բոլորիս տունը, գիշեր-ցերեկ այստեղ էինք: Հիշում եմ՝ մեծ ավտոբուսներով վիրավորներ էին բերում, և բոլոր բաժանմունքների պետերը վայրկյաններ անց ընդունարանում զբաղվում էին նրանց տեսակավորման աշխատանքով: Բոլորիս աչքերը թաց էին, բայց քարացել էինք. չէր կարելի զգացմունքներին ազատություն տալ»:

Անհուն ցավով է պատմում նաև ապրիլյան պատերազմի մասին. «Երբ առավոտյան աշխատանքի եկա, նկատեցի, որ բոլորն անհանգիստ են, պատմեցին, որ Արցախում թշնամին հարձակման է դիմել: Կարծես աշխարհը շուռ եկավ: Նույն պատերազմը, նույն սարսափն ապրեցինք: Սակայն համախմբումն աննկարագրելի էր: Այդ օրերին շատերն էին ցանկություն հայտնում այցելել վիրավոր զինվորներին, օգնել նրանց: Կրասնոդարում ապրող մի տարեց հայ իր թոշակը ուղարկել էր զինվորներին: Քույրն այդ փոքրիկ գումարի հետ յուրաքանչյուր զինվորի համար մեղր էր բերել: Բոլորս հուզվել էինք»:

Ալլա Բարսեղյանը ԿԿԶՀ վիրաբուժության բաժանմունքի ամբողջ պատմության վկան է, դրա մի մասնիկը: Նա անսահման ջերմությամբ է հիշում բաժանմունքը ղեկավարած բոլոր վաստակաշատ բժիշկներին ու բուժանձնակազմերին, համոզված շեշտում, որ միշտ աշխատել է հրաշալի անձնակազմի, կուռ թիմի հետ. «Կազմավորման պահից բաժանմունքի պետը լուսահոգի Սերգեյ Հարությունյանն էր: Նրան ճանաչում էի դեռևս երկաթգծի հիվանդանոցից: Հմուտ վիրաբույժ էր՝ օժտված մարդկային առաքինություններով: Մի դեպք է տպավորվել. գիշերը ծանր հիվանդ էին բերել բաժանմունք: Հերթապահ բուժքույրը բժշկի հետ ամբողջ գիշեր աշխատել էր, ապա նստելով մահճակալի մոտ՝ գլուխը հենել ու քնել: Սերգեյ Հարությունյանը նկատել էր, որ բուժքույրը հոգնածությունից քնել է, ու չէր արթնացրել, ինքն էր կատարել նրա աշխատանքը: Ցավոք, սարսափելի ողբերգությունն ընդհատեց հրաշալի մարդու և բժշկի կյանքը( հեղ.՝ 2000 թ. հունվարի 19-ին զինվորական բժիշկներ Սերգեյ Հարությունյանը, Կարո Հեբոյանը, Տիգրան Հովեսյանը ուղղաթիռով Երևանից մեկնել են Արցախ՝ փրկելու ծանր վիրավորի կյանքը, և զոհվել ուղղաթիռի կործանման պատճառով): Աշոտ Զոհրաբյանը, ով հետագայում զբաղեցրեց բաժանմունքի պետի պաշտոնը, ևս հզոր մարդ էր, հմուտ վիրաբույժ: Նրան փոխարինեց մեկ այլ վաստակաշատ վիրաբույժ՝ Վահան Գևորգյանը, ում ճանաչում էի արդեն 20 տարի, եկել էր մեր բաժանմունք, որպես նորավարտ, բայց արդեն պատերազմ անցած վիրաբույժ: Հարազատ ընկերոջ նման էր: Բաժանմունքի այսօրվա պետը՝ Սևակ Շահբազյանը, երիտասարդ է, որդուս տարիքին, սակայն այնքան հմուտ է ղեկավարում բաժանմունքը: Չափազանց համեստ, հանգիստ անձնավորություն է՝ միշտ մեր կողքին, միշտ օգնող, իր ծառայությանն անմնացորդ նվիրված»:

Յուրաքանչյուր զինվոր, ով բուժում է ստացել այս բաժանմունքում, իր յուրահատուկ տեղն ունի տիկին Ալլայի մեծ սրտում: Իր ջերմությունից նա բաժին է հանում բացառապես բոլորին և նրանց հիշում անուն առ անուն.

«Ոչ ոք չի կարող ասել, թե հեշտ է զինվորական հոսպիտալում աշխատելը: Մեր հիվանդները զինվորներ են, որոնք հեռու են հարազատներից, ընտանեկան ջերմությունից, կարոտած են և վերջապես ցավ ունեն… Զինվորին պետք է ընդունել, սիրել հարազատ զավակի պես:

…Այսօր՝ առավոտյան, մի զինվորի հանդիպեցի, գուլպաները չէր հագել: Հանդիմանեցի, բայց՝ մոր նման, ինչպես կխոսեի իմ զավակի հետ: Ընդունեց, հետ գնաց, որ հագնի:

Զգացմունքային եմ շատ: Նույնիսկ երբ զինվորի մայրը գալիս է որդուն տեսության, երբ փաթաթվում է նրան, ես հիվանդասենյակից արագ դուրս եմ գալիս, որ արցունքներս չտեսնեն: Զինվորի ցավը մեր ցավն է դառնում: Նրա հետ ապրում ենք, նրա հետ տառապում, նրա հետ առողջանում: Իմ երկար տարիների ծառայության լավագույն վարձատրությունը ծանր հիվանդությունից հետո ապաքինված զինվորին տեսնելն ու նրան շարք ճանապարհելն է»:

Հասմիկ Գյոզալյան