«…բանակի ռազմաբժշկական ծառայությունն այսօր կարելի է համարել ՀՀ լավագույն ծառայություններից մեկը»

Ազգային բանակի տոնացույցում նոյեմբերի 17-ն առանձնահատուկ նշանակություն ունի. այսօր Բուժծառայողի օրն է: Այս տարի լրացավ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության 24-րդ տարեդարձը:

Բուժծառայողի մասնագիտական տոնին էր նվիրված ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այսօր տեղի ունեցած միջոցառումը, որին ներկա էին ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բուժծառայության գնդապետ Կամավոր Խաչատրյանը, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալներ, բուժծառայության գնդապետներ Տիգրան Ավետիսյանը, Հարություն Գալստյանը, ՀՀ ՊՆ ռազմաբժշկական զորամասերի հրամանատարներ, Արցախյան ազատամարտի մասնակից բժիշկներ, հոսպիտալային օղակի զինվորական բժիշկներ:

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բուժծառայության գնդապետ Կամավոր Խաչատրյանը նախ համառոտ անդրադարձ կատարեց ազգային բանակի ռազմաբժշկական ծառայության կազմավորմանը, 24-ամյա ճանապարհի պատմությանը՝ փաստելով. «Տարիների ընթացքում ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունը ոչ միայն կարողացել է իր առջև դրված խնդիրները կատարել, այլև շարունակական զարգացում է արձանագրել: Հմուտ, բարձրակարգ մասնագետների շնորհիվ բանակի ռազմաբժշկական ծառայությունն այսօր կարել է համարել ՀՀ լավագույն ծառայություններից մեկը, որն իր արժանիքները և բանակաշինության գործում ունեցած ուրույն դերն ապացուցում է թե՛ պատերազմական, թե՛ խաղաղ ժամանակներում»:

2016 թվականն առանձնացավ սահմանային աննախադեպ լարվածությամբ: Ապրիլին ծավալված մարտական գործողությունների ժամանակ բուժծառայության բոլոր օղակները գերազանց կատարեցին խնդիրը: Խոսելով ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ իրականացված ծառայության մասին՝ վարչության պետը նշեց. «Բոլորս ականատես եղանք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորական բժիշկներն իրենց փայլուն ծառայությամբ աչքի ընկան առաջնագծում, զորային և հոսպիտալային օղակներում: Իրավիճակը ցույց տվեց, որ նորօրյա սպաները ոչնչով չեն զիջում նախկինում մեր ձեռքբերումներն ապահոված բժիշկներին և ոչ միայն չեն զիջում, այլև աչքի են ընկնում նոր մտածելակերպով, հնարավորություններով: Համակարգված ղեկավարման, բուժտարհանման պատշաճ, առանց խուճապի կազմակերպման, կատարված լրջագույն վիրահատությունների արդյունքում կարողացանք զոհերի թվաքանակը հասցնել նվազագույնի:Մինչդեռ ուսումնասիրությունները փաստում են, որ ոչ մի պատերազմում՝ ինտենսիվ կրակի պայմաններում, հնարավոր չէ ունենալ նման քանակի փրկված կյանքեր»:

Կամավոր Խաչատրյանը նշեց, որ ապրիլյան պատերազմից հետո կատարված վերլուծությունների, նախորդ պատերազմի փորձի և համաշխարհային բժշկագիտության ձեռբքերումների վերլուծությունների արդյունքում քննարկվել են բուժապահովման նոր մոտեցումներ, նոր ձևաչափեր, և, Աստված մի՛ արասցե, նոր պատերազմի դեպքում հնարավոր կլինի դրանք կիրառել և ավելի մեծ խնդիրներ լուծել:

Ռազմաբժշկական վարչության պետն անդրադարձավ նաև այս տարվա, թերես, ամենակարևոր միջոցառումներից մեկին՝ ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) շրջանակում ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության շարժական դաշտային հոսպիտալի առաջին մակարդակի ինքնագնահատմանը՝ նշելով, որ ԻՄԵԴՍ (EMEDS) համակարգի շարժական դաշտային հոսպիտալի անձնակազմի հաջողությունը հեղինակություն է բերել ոչ միայն ռազմաբժշկական ծառայությանը, այլև ՀՀ-ին: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում անցկացված «Միաձուլված սուր-2016» զորավարժության ընթացքում ցուցաբերած արդյունքները բարձր գնահատականի են արժանացել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարի կողմից: Նա վստահություն հայտնեց, որ գնահատման հետագա փուլերը ևս հաջողությամբ կհաղթահարվեն, և ռազմաբժշկական այդ միավորը կստանա ՆԱՏՕ-ի չափորոշիչներով որակավորված հոսպիտալի կարգավիճակ:

Տոնի կապակցությամբ շնորհավորանքի ջերմ խոսքեր հղելով ներկաներին՝ Կամավոր Խաչատրյանը վստահություն հայտնեց, որ միասնական ուժերով նոր բարձունքներ են հաղթահարելու:

2016 թվականի հիմնական ձեռքբերումներն ու անելիքները ներկայացրեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, բուժծառայության գնդապետ Հարություն Գալստյանը՝ նշելով, որ ռազմաբժշկական ծառայության գնահատականն առաջին հերթին տալիս են հիվանդ և վիրավոր զինծառայողների հարազատները:

Որպես ձեռքբերումներ՝ Հ. Գալստյանն առանձնացրեց միջազգային փոխգործակցության ասպարեզում արձանագրված հաջողությունները, որոնք առավել ցայտուն են վերջին 2 տարիների, հատկապես 2016 թվականի ընթացքում, ինչպես նաև ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի բացումը, որը տարածաշրջանում ներկայումս եզակի է:

ՀՀ ՊՆ Զանգեզուրի կայազորային հոսպիտալի պետ, բուժծառայության փոխգնդապետ Դանիել Մկրտչյանն էլ անդրադարձ կատարեց իր ղեկավարած կառույցի կազմավորմանը, անցած ճանապարհին և ձեռքբերումներին, որոնք նշանակալի են. մասնավորապես հոսպիտալը երեք տարի անընդմեջ՝ 2011, 2012, 2013 թվականներին, ճանաչվել է լավագույնը: 2014 թվականին պաշտպանության նախարարի հրամանով հոսպիտալը պարգևատրվել է «Լավագույն զինվորական հոսպիտալ» պատվո դրոշով: Բուժհաստատության թերապևտիկ բաժանմունքը ևս երեք տարի շարունակ ճանաչվել է լավագույնը: Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ևս հոսպիտալն անմասն չի մնացել վիրավորների տարհանման և հետագա բուժօգնության կազմակերպման գործընթացներից:

«Շենգավիթ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Դավիթ Մխիթարյանը ևս շնորհավորանքի ջերմ խոսքեր ուղղեց գործընկերներին՝ շնորհակալություն հայտնելով, որ համատեղ ուժերով մտածված, մշակված տեսլականը քայլ առ քայլ իրականություն է դառնում:

Նշենք նաև, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով շնորհակալություն է հայտարարվել 26 զինծառայողի, ևս 29 զինծառայող պարգևատրվել է պատվոգրով:

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի հրամանով էլ՝ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության կազմավորման 24-րդ տարեդարձի և բուժծառայողի օրվա կապակցությամբ, ինչպես նաև 2016 թվականի ուստարվա ընթացքում բուժկանխարգելիչ միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու և իրականացնելու, ծառայական պարտականությունները պատշաճ կատարելու, մարտական պատրաստության, մասնագիտական պատրաստության բարձր ցուցանիշների և օրինակելի կարգապահության, բարեխիղճ ծառայության, ռազմաբժշկական կադրերի կրթության, պատրաստման գործում ավանդ ներդնելու համար շնորհակալություն է հայտարարվել 76 զինծառայողի, պատվոգրով պարգևատրվել է 23 զինծառայող:

Հասմիկ Գյոզալյան

  • 2 (3)
  • 7
  • 3 (2)
  • 6
  • 5
  • 6
  • 4 (1)