«Բուժի՛ր հիվանդին, ոչ հիվանդությունը»

– «Բուժի՛ր հիվանդին, ոչ հիվանդությունը» լատինական հայտնի ասույթը պետք է լինի բժշկի հիմնական ուղեցույցը,- նշում է ՀՀ ՊՆ ԿԿԶՀ թերապևտիկ բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Մարգարիտա Սարգսյանը, ապա շարունակում,- թերապիան՝ որպես բժշկագիտական ուղղություն, ուսմունք է ներքին հիվանդությունների մասին. այն իր հերթին փաստում է, որ անհնար է՝ որևէ օրգան, լինելով հիվանդ, բացասաբար չանդրադառնա մյուս օրգան-համակարգերի վրա: Առաջանում է ներքին հիվանդությունների ու հույզերի համակցված շղթա, որը փոքրիկ քայլերով, բայց հետևողական և անսխալ լուծում է պահանջում:

Մարգարիտա Սարգսյանը 2000-2002 թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ Ստեփանակերտի կենտրոնական և ԼՂՀ ՊԲ Վալերի Մարությանի անվան զինվորական հոսպիտալներում որպես թերապևտիկ բաժանմունքի ավագ օրդինատոր: 2002-2006 թթ. շարունակել է հետբուհական կրթությունը ասպիրանտուրայում՝ ներքին հիվանդություններ մասնագիտությամբ: 2006 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Թոքային հիպերտենզիայի վաղ ախտորոշման չափանիշների գնահատումը» թեմայով: Դասավանդել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ներքին հիվանդությունների, 2012 թ.-ից՝ ԵՊԲՀ ռազմադաշտային թերապիայի ամբիոններում: Ծառայությանը զուգահեռ շարունակում է գիտական գործունեությունը. հեղինակ է ուսումնամեթոդական ձեռնարկների, մեթոդական ցուցումների, բազմաթիվ գիտական հոդվածների, որոնցում լուսաբանվում են թերապևտիկ ծառայության հիմնախնդիրները:

2006 թ. առ այսօր ղեկավարում է ՊՆ ԿԿԶՀ թերապևտիկ բաժանմունքը:

– Տիկի՛ն Սարգսյան, արդեն 10 տարի ղեկավարում եք հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքը: Ի՞նչ է փոխվել այդ ժամանակահատվածում:

– Ոչ միայն մեր բաժանմունքում, այլև առհասարակ ՀՀ զինված ուժերի թերապևտիկ ծառայության մեջ «տեսանելի» հաջողություններ ենք ունեցել. գոյություն ունեցող խնդիրները մանրակրկիտ ուսումնասիրվել են, և դրանցից յուրաքանչյուրին փորձել ենք գիտականորեն հիմնավորված լուծում առաջադրել:

Երբ 2006 թ. ընդունվեցի ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, ինձ զարմացրեց այն հանգամանքը, որ հիվանդությունների բազմազանություն չկար, փոխարենը կային որոշակի հիվանդություններ, որոնք չափազանց հաճախ էին գրանցվում (հիվանդացությունը բարձր ցուցանիշներ ուներ): Երբ համեմատեցի այդ հիվանդությունների՝ քաղաքացիական բուժհաստատություններում գրանցված ցուցանիշների հետ, ապա հարց առաջացավ՝ ինչու է զինված ուժերում դրանց թիվն ավելի մեծ: Որոշեցինք պարզել՝ որոնք են պատճառները, և բազմակողմանի ուսումնասիրություններ կատարելով՝ գտանք մեզ անհանգստացնող հարցերի պատասխանները:

Եվ որպեսզի պատասխանեմ Ձեր հարցին, թերևս չեմ կարող համառոտ չանդրադառնալ այն հիմնական հիվանդություններին, որոնք առավել տարածված էին զինված ուժերում ՝ ՆՑԴ, նեֆրիտ և թոքաբորբ:

ՆՑԴ (нейроциркуляторная дистония). թերևս չենք կարող ժխտել, որ մարդու օրգանիզմում ներքին հիվանդություններն ամենամեծ, ամենագլոբալ խումբն են կազմում, և այդ խմբում ՆՑԴ-ներն իրենց ուրույն և միշտ արդիական տեղն ունեն:

Էջ առ էջ թերթելով այդ ախտորոշումն ունեցող հիվանդների հիվանդության պատմագրերը, ծանոթանալով նշված գանգատներին և բժիշկների կողմից իրականացված բուժական համալիր գործընթացին՝ եկանք այն անվիճարկելի համոզման, որ ՆՑԴ խմբի մեջ ներառվել էին նաև այլ հիվանդություններ, որոնք ունեին նմանատիպ կլինիկական ընթացք: Անհրաժեշտ էր կազմել ուղեցույցներ, որտեղ հստակ նշված կլինեին այդ հիվանդության գնահատման չափորոշիչները, դրանք իրարից տարանջատելու «սահմանագծերը», հետազոտելու, ավելի արդյունավետ բուժելու, ինչու ոչ, նաև կանխարգելման մեխանիզմները: Կոլեգիալ քննարկումների ընթացքում մշակվեցին անհրաժեշտ չափորոշիչները, և այդ հիվանդությունների հետազոտման, բուժման պլանը նախ կիրառեցինք մեր բաժանմունքում, ապա համապատասխան առաջարկությունների հիման վրա փոփոխություններ կատարվեցին նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի փորձաքննական հոդվածում:

Արդյունքում նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի կապակցությամբ հոսպիտալացված հիվանդների խմբից հստակ տարանջատվեցին այն հիվանդությունները, որոնք ունեին նմանատիպ սիմպտոմատոկոմպլեքս, սակայն այլ օրգանական ախտահարումների հետևանք էին. այս հանգամանքը զգալիորեն կրճատեց հիվանդացությունը: Փորձաքննական հոդվածում կատարված փոփոխությունների շնորհիվ այս խնդիրն ունեցող զինծառայողները կարող էին շարունակել ծառայությունը որոշակի սահմանափակումներով:

Սուր գլոմերուլոնեֆրիտների խնդիրը ուսումնասիրելով՝ եկանք այն եզրահանգման, որ ավելի հեշտ է կանխարգելել այս հիվանդության զարգացումը (հիվանդության հիմնական պատճառները քրոնիկական տոնզիլիտներն են, պիոդերմիաները): Այդ նպատակով ռազմաբժշկական ծառայության և՛ զորային, և՛ հոսպիտալային օղակներին տրամադրվեցին շրջաբերականներ՝ դեղորայքների և դրանց ազդեցության, առավել արդյունավետ կիրառման և հնարավոր կոմբինացիաների վերաբերյալ: Նոր մոտեցումները կիրառելով՝ այդ հիվանդության ցուցանիշները 4-5 անգամ կրճատվեցին: Ներկայումս նախազորակոչային շրջանում նույնպես մեծ ուշադրություն է դարձվում բերանի խոռոչի սանացիային, քրոնիկական տոնզիլիտի բուժմանը:

Շնչառական համակարգի հիվանդությունների մեջ հիմնական խնդիրներից էր թոքաբորբը: Ինչպես գիտեք, հանրապետությունում 2012 թվականին ունեցանք թոքաբորբի մեծ հիվանդացություն, բանակում էլ այդ ցուցանիշը բավականին բարձր էր: Այդ օրերին բոլորիս անհանգստացնում էր այն հարցը, թե որն է պատճառը: Եվ բազմաթիվ օբյեկտիվ նախադրյալներ թվարկելիս նաև փաստեցինք, որ պատճառներից մեկն էլ զինակոչիկների պատվաստումներն են (նրանք պատվաստանյութերը ստանում էին զորակոչվելուց անմիջապես առաջ, և բնականաբար, ամեն օրգանիզմ չէ, որ ի զորու է միանգամից 5 կամ 6 տեսակ հակամարմիններ ընդունելու):

Մշակվեցին հիվանդների վաղ հայտնաբերման, հոսպիտալացման, բուժման հստակ ուղեցույցներ: Բոլոր օղակներում իրականացվեցին բուժկանխարգելիչ միջոցառումներ, փոխվեց պատվաստումների ժամանակացույցը: Եվ հաջորդող տարիների ընթացքում մենք ունեցանք թոքաբորբի ցուցանիշների կայուն նվազում:

Դա մեր՝ զինվորական բժիշկներիս գիտական հաղթանակն եմ համարում, սպասարկող բուժանձնակազմի մասնագիտական բարձր պատրաստվածության, նվիրումի, հոգատարության ապացույցը ոչ միայն զինծառայողների, այլև նրանց ընտանիքի անդամների նկատմամբ:

– Մտնելով հոսպիտալ՝ անհնար է չտեսնել ընդունման բաժանմունքում սպասող բազմաթիվ մարդկանց՝ զինծառայողների ընտանիքների անդամներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, զինհաշմանդամներ: Բանակի ռազմաբժշկական հաստատությունները, այնուամենայնիվ, իրենց ուժերի, հնարավորությունների սահմանում իսկապես թեթևացնում են նրանց հոգսը ՝ ապահովելով որակյալ բուժօգնությամբ (պետպատվերի շրջանակում):

– Կարող եմ ավելին ասել. այսօր մեզ դիմող հիվանդների՝ զինծառայողների ընտանիքների անդամների թիվն ավելի մեծ է, քան հիվանդ զինծառայողներինը: Ծավալը բավականին մեծացել է, քանի որ գալիս են նաև մարզերից, ուզում են այստեղ հետազոտվել, բուժվել (և հասկանալի պատճառներով. այստեղ բոլոր հետազոտությունները կատարվում են շատ արագ և համակարգված, մարդիկ ստիպված չեն լինում սպասել մի քանի օր կամ ժամեր շարունակ և իհարկե գնահատում են զինվորական բժիշկների ուշադրությունը, հոգատար վերաբերմունքը):

Մեր բաժանմունքում, օրինակ, օրվա հերթապահ բժիշկը չի հասցնում սպասարկել հիվանդների ամենօրյա հոսքը և բնականաբար բաժանմունքի մյուս բժիշկ-մասնագետներն օգնում են նրան: Միաժամանակ սպասարկում ենք նաև բաժանմունքի հիվանդներին, ովքեր թվաքանակով չեն զիջում օրվա այցելուներին: Այսպես է ընթանում մեր ծառայությունը, և մեզանից յուրաքանչյուրը ջանում է իր առջև դրված խնդիրն անթերի կատարել:

– Եվ հաջողվո՞ւմ է:

– Իհարկե, բաժանմունքում ծառայում են տարբեր նեղ մասնագիտական պատրաստվածություն ունեցող, հմուտ բժիշկ-մասնագետներ՝ սրտաբան, գաստրոէնտերոլոգ, թոքաբան, ռևմատոլոգ, նեֆրոլոգ, էնդոկրինոլոգ և այլն: Միջին բուժանձնակազմը նույնպես գրագետ է, պատրաստված: Ծառայում ենք հնարավորինս համակարգված՝ մեկս մյուսի հետ խորհրդակցելով, միմյանց սատարելով: Նշանակություն չունի՝ հիվանդը սրտաբանի մոտ է եկել, թե էնդոկրինոլոգի. նա բոլորիս հիվանդն է՝ մեր հիվանդը, և բոլորս հավասարապես զբաղվում ենք նրանով:

Բաժանմունքը վերջերս հիմնովին վերանորոգվել է, տեխնիկական հագեցվածությունը նույնպես բարելավվել է: Ժամանակի ընթացքում փոխվել է նաև մեզ հատկացվող դեղորայքի տեսականին: Զինվորի համար «չկա» բառը պետք է չլինի, մեր բանակի զինվորը, սպան պետք է ապահովված լինեն ամենաորակյալ բուժսպասարկմամբ: Սա է մեր սկզբունքը:

Էդիտա Մելքոնյան