«2028 թ.-ի 1-ին զորակոչ է որդիս»

ԼՂՀ ՊԲ Մեխակավանի ԱԲՋ-ի վիրահատա-վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժակ Դավիթ Փարսյանն ավարտել է Կապանի բժշկական ուսումնարանը: 1997-1999 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում և այդ օղակում էլ որպես սանհրահանգիչ սկսել մասնագիտական գործունեությունը: 2000 թ. առ այսօր ծառայում է ԼՂՀ ՊԲ Մեխակավանի ԱԲՋ-ում:

Եվս 5 տարի, և կարող եմ զորացրվել,- նշում է Դավիթ Փարսյանը,- սակայն որոշումս արդեն կայացրել եմ. որքան էլ դժվար լինի, մնալու եմ այստեղ և փորձելու եմ մի բան էլ ինքս փոխել՝ գուցե աննշան թվացող խնդիր լուծել այն համոզմունքով, որ առանց մանրուքները շտկելու մեծ փոփոխություններ չեն լինում:

Դավիթ Փարսյանի ուղեկցությամբ անցնում ենք վիրահատական-վիրակապական բլոկ, այնուհետև՝ վերակենդանացման սրահ, ինտենսիվ թերապիայի սենյակ: Ավագ բուժակը հավելում է.

– Մեր բաժանմունքն ապահովված է անզգայացման, շնչառական, հսկիչ-ախտորոշիչ սարքավորումներով, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքային միջոցներով: Որպես անզգայացնող բժիշկ-մասնագետի օգնական՝ ես մասնակցում եմ վիրահատությունների՝ կատարելով բժշկի ցուցումները: Եվ ամեն անգամ ինձ զարմացնում է մարդու օրգանիզմը. այն գործում է ինչպես բարդ, բայց կատարյալ մեխանիզմ և սկսում է ինքնավերականգնվել՝ կարծես պայքարելով վնասվածքների և արտաքին ազդակների դեմ:

Բանական էակին անվանելով կատարյալ ստեղծագործություն՝ բուժակը պատմում է.

– Էությամբ աթեիստ էի, սակայն երկու իրադարձություն հիմնովին փոխեցին ոչ միայն մտքերիս, համոզմունքներիս ընթացքը, այլև կյանքս: Առաջին փորձությունը ստիպեց հավատալ, որ խոսքն ուժ ունի, և մեզանից յուրաքանչյուրը կարող է իր խոսքերով իրեն շրջապատող աշխարհն ավելի գեղեցիկ կամ ավելի «մոխրագույն» դարձնել և կանխորոշել հետագա իրադարձությունների ընթացքը…

Խոսքով է «տեսանելի այս տիեզերքը գոյացել անտեսանելիից» (Եբր. 11:3):

– Ի դեպ, ինչպե՞ս եք Դուք Նրան անվանում:

– Բարձրյալ:

– Հորեղբայրս ազատամարտիկ էր,- շարունակում է նա,- մեզ տանում էր կրակային վարժանքների: Ինչպես այսօր, հիշում եմ նրա գոռգոռոցը. մեզ հրահանգներ էր տալիս, դե՛, մենք էլ սխալվելով սովորում էինք: Մի օր վերցնում եմ զենքը, քանդում, հավաքում ու կարծելով, թե դատարկ է, կրակում եմ ընկերոջս վրա… Սակայն պարզվում է՝ մեջը փամփուշտ կար…

Հանցավոր ինքնավստահություն էր: Պետք է ձեռքդ չսովորեցնես «խաղալուն» (…լեզուն՝ կեղծելուն կամ բամբասելուն, այլապես ամեն օր հանցավոր ինքնավստահությունդ բազմապատկելով՝ գործածդ չարիքներն էլ կբազմապատկես):

Կարծես ինքն իրեն հանդիմանելով՝ բուժակն ընդհատում է խոսքը:

– Ի՞նչ եղավ Ձեր ընկերոջը:

– Փամփուշտը չվնասեց նրան… Այդքանից հետո ինչպես կարող էի ես՝ աթեիստս, չասել՝ փառք Քեզ… (չգիտեի՝ ինչպես անվանել Նրան): Այդ ինչ ուժ էր, որ պաշտպանեց ընկերոջս և ինձ էլ փրկեց՝ ողբերգությունը կանխելով:

Առաջին անգամ ձեռքս վերցրի Աստվածաշունչը. գրված էր գրաբարով, և չկարողացա կարդալ: Բառերը խորթ էին թվում: Իսկ այսօր առանց հավատի ապրել չեմ կարողանում: Առանց հավատի ամեն ճակատամարտ անիմաստ է դառնում, և զոհողությունն էլ դառնում էանիմաստ, և պայքարը չի կարող պսակվել հաղթանակով:

…Մենք ծայրահեղ ծանր վիրավորներ ենք ունեցել ոչ միայն ապրիլյան պատերազմի օրերին, այլև նախորդող ժամանակահատվածներում: Երբ բժիշկը Սարգիս Ստեփանյանին հարցրեց՝ այստե՞ղ ես (ուզում էր ստուգել. նրա վիճակը թերևս անհուսալի էր թվում), Սարգիսը պատասխանեց. «Այստեղ եմ եղել, այստեղ եմ հիմա և այստեղ եմ լինելու…»: Այդքան հզոր հավատ ես առաջին անգամ էի տեսնում. նա չէ՛ր կարող պարտվել:Սակայն այս «ճակատում» բժիշկներն էլ փայլուն հաղթանակ տոնեցին. չեմ կարող մոռանալ՝ ինչպես էին վիրաբույժները պայքարում Սարգսի կյանքը փրկելու համար:

Ինչպես արդեն տեղեկացել էի, ապրիլյան պատերազմի ընթացքում զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերելու համար Դավիթ Փարսյանը պարգևատրվել էր «Դրաստամատ Կանայան» մեդալով: Սակայն բուժակը չի ցանկանում խոսել քառօրյա պատերազմի մասին.

– Մոխրագույն օրեր էին… Յուրաքանչյուր պատերազմ հանցագործություն է՝ ընդդեմ ապրելու իրավունքի, որ Արարիչն է տվել (…մենք էլ արարիչ ենք եղել և այսօր էլ արարող ժողովուրդ ենք):

Ապրիլյան պատերազմի օրերին մենք ծանր կորուստներ ունեցանք, բայց համազգային դարձած այդ ցավն ավելի համախմբեց ու արիացրեց բոլորիս: Այդ օրերին հրաշալի մարդկանց հետ եմ ծանոթացել՝ Արցախյան պատերազմի մասնակիցներ, աշխարհազորայիններ, մեզ օգնության եկած բժիշկներ, մարդիկ, որոնց համար «կյանքն ազգին և հայրենիքին պատարագելու չափ մեծ երջանկություն չկա աշխարհում»:

– Եվ դեռ թիկունքում էլ հազարավոր մարդիկ կային, ովքեր պատրաստ էին առաջնագիծ մեկնել և համալրել բանակի շարքերը:

Բուժակի դեմքը հանկարծ պայծառանում է.

– Երկու որդի ունեմ. ավագ որդիս վեց տարեկան է, կրտսերը շուտով երկու տարեկան կդառնա: 2028 թ.-ի 1-ին զորակոչ է ավագ որդիս (…ես այդ ժամանակ 50 տարեկան կլինեմ, բայց զինվոր որդի կունենամ): Արդեն հպարտ եմ:

– Ոչ ոք չգիտի՝ վաղն ինչ է լինելու:

– Իսկ ես ի՞նչ էի ասում. անհնա՛ր է ապրել առանց հավատի,- կարծես ներողամտորեն ժպտում է բուժակը:

Էդիտա Մելքոնյան