«Աստված տնօրինում է, մենք՝ կատարում»

Շուրջ մեկ տարի առաջ այցելելով ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային զորամիավորման՝ Տավուշի մարզում տեղակայված առանձին բժշկական ջոկատ` անդրադարձ էինք կատարել (http://amda.am/?p=4334#more-4334) ԱԲՋ-ի` տարածաշրջանում ունեցած բացառիկ դերին (ռազմաբժշկական զորամասը, սպասարկելով թե՛ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմերին, թե՛ տարածաշրջանի քաղաքացիական բնակչությանը, արդարացիորեն արժանացել է բոլորի բացարձակ վստահությանը), առաքելությանը, գործառույթներին, բուժանձնակազմի անձնվեր ծառայությանը, բուժհաստատությունում իրականացվող բարդ վիրահատություններին

Մեկ տարի անց` մեր հերթական այցելության ընթացքում, բժշկական ջոկատի հրամանատար, բժշկական գիտությունների դոկտոր, բուժծառայության փոխգնդապետ Էդուարդ Գրիգորյանի հետ զրուցել ենք վերջին ժամանակահատվածում ռազմաբժշկական զորամասում տեղի ունեցած փոփոխությունների, բարդ, եզակի վիրահատությունների և այլ հարցերի շուրջ, ամփոփել բուժհաստատության տարվա գործունեությունը:

– Պարո՛ն փոխգնդապետ, այս օրերին հանրապետության ողջ տարածքում սուր շնչառական վարակների ակտիվացում է դիտվում: Այդ առումով ինչպիսի՞ն է իրավիճակն ԱԲՋ-ի սպասարկման զորամասերում: Վստահ եմ` զորային օղակի բուժանձնակազմերի կողմից հետևողականորեն իրականացվում են անհրաժեշտ բուժկանխարգելիչ միջոցառումները, այնուամենայնիվ, բռնկումների վտանգ կարո՞ղ է լինել:

– Այս պահի դրությամբ ունենք սուր շնչառական վարակներով հիվանդ զինծառայողներ, սակայն նրանց քանակը մտահոգիչ չէ: Պատկերը բնորոշ է ձմեռային ժամանակահատվածին թե՛ զինված ուժերում, թե՛ քաղաքացիական կյանքում: Անհրաժեշտ բոլոր բուժկանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են: Ըստ այդմ՝ համաճարակաբանական տեսանկյունից իրավիճակը միանգամայն վերահսկելի է: Անհրաժեշտութան դեպքում ԱԲՋ-ում փոքր` 2-3 մասնագետներից կազմված խմբեր կձևավորվեն, և ես էլ իմ բժիշկների հետ կմեկնենք զորամասեր` մեր մասնագիտական օգնությունը ցուցաբերելու զորային օղակի բուժանձնակազմերին:

– Վերջին մեկ տարվա ընթացքում ի՞նչ բնույթի փոփոխություններ են արձանագրվել Տավուշի առանձին բժշկական ջոկատում:

– ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության հետ համագործակցության արդյունքում որոշակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել: Մասնավորապես ԱԲՋ-ի տանիքն ամբողջությամբ փոխարինվել է մետաղածածկ տանիքով, վերանորոգվել են մի շարք հիվանդասենյակներ:

Տեխնիկական հագեցվածության առումով դեռևս նորություններ չունենք. ԱԲՋ-ի՝ առաջին անհրաժեշտության գործիքային և դեղորայքային համալրվածությունը բավարար է: Ամենայն հավանականությամբ, առաջիկա տարվա ընթացքում ԱԲՋ-ն կհամալրվի նոր բուժսարքավորումներով (ուլտրաձայնային և գաստրոսկոպիկ հետազոտության ապարատներով):

Ինչպես հայտնի է, տարածաշրջանում որոշակի մասնագետների բացակայության պատճառով ԱԲՋ-ն շարունակում է սպասարկել նաև քաղաքացիական բնակչությանը` հիմնականում վիրաբուժական ուղղությամբ: Ընդ որում՝ մեզ դիմում են ոչ միայն Բերդի տարածաշրջանի բնակիչները, այլև բավականին հաճախ հիվանդներ ենք ունենում Իջևանից, Դիլիջանից, Նոյեմբերյանից, անգամ մայրաքաղաքից:

Վերջին 5-6 տարիների ընթացքում տարեկան կտրվածքով սպասարկում ենք 1000-1200 հիվանդի, որոնցից 30 տոկոսի մոտ վիրահատական խնդիրներ են: Տարածաշրջանն անհանգիստ է, և տարվա ընթացքում ունենում ենք նաև հրազենային, ականապայթյունային վիրավորումներ:

Վիրաբուժական ծառայությունն իրականացնում ենք ես, ԱԲՋ-ի հրամանատարի` բուժական գծով տեղակալ Արմեն Մարդանյանը, անոթային վիրաբույժ Կարլեն Գևորգյանը, վնասվածքաբան-օրթոպեդ Վլադիմիր Սեյրանյանը:

ԱԲՋ-ի փոքր անձնակազմը շարունակում է բարձր մակարդակով կատարել իր առաքելությունը: Ես` որպես քաղաքացի, ոչ որպես ԱԲՋ-ի հրամանատար, բարձր եմ գնահատում բուժհաստատության դերը տարածաշրջանի համար:

– Պարո՛ն փոխգնդապետ, ապրիլի սկզբին հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասի մարտական դիրքերում պայմանագրային զինծառայող էր վիրավորվել և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Տավուշի ԱԲՋ: Հետագայում «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի անդամների՝ ՀՀ ՊՆ ԿԿԶՀ հերթական այցելության ընթացքում տեսակցեցինք նաև զինծառայողին, ում Դուք բառացիորեն նոր կյանք եք պարգևել: Բժիշկները պատմում էին Ձեր կողմից կատարված բարդ վիրահատության մասին: Խնդրում եմ՝ մանրամասնե՛ք:

– Ես այդ պահին մեկ այլ վիրահատության էի: Այն արդեն ավարտին էր մոտենում, երբ զանգահարեցին և հայտնեցին, որ ծանր վիրավոր ունենք: Երբ վիրահատարանից դուրս եկա, նա արդեն վիրակապարանում էր: Իմ ներս մտնելու պահին՝ գրեթե նույն վայրկյանին, վիրավորի մոտ սրտի կանգ արձանագրվեց: ԱԲՋ-ի անեսթեզիոլոգ և ռեանիմատոլոգ Ցոլակ Մելիքյանի հետ անհապաղ սիրտ-թոքային վերակենդանացում իրականացրինք: Սիրտը սկսեց բաբախել… Տպավորությունն այնպիսին էր, որ չենք հասցնի վիրահատել: Սակայն պետք է անեինք հնարավորը՝ վիրավորի կյանքը փրկելու համար: Վիճակը ծայրահեղ ծանր էր. վնասվել էին թոքը, պերիկարդը (սրտապարկ), արյան մեծ կորուստ ուներ… Մինչև վերջ չէինք հավատում, թե նա կապրի, բայց վիրավորը փրկվեց: Աստված տնօրինեց, մենք կատարեցինք:

…Վերջին բարդ դեպքն ամիսներ առաջ էր: Ժամկետային զինծառայողը հրազենային խառը` թորակոաբդոմինալ վիրավորում էր ստացել. վնասվել էին թոքը, լյարդը, երիկամի բևեռը: Նրան տեղափոխել էին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Ես անհապաղ Նոյեմբերյան ուղևորվեցի Տավուշի ԱԲՋ-ի անոթային վիրաբույժ Կարլեն Գևորգյանի և որդուս ուղեկցությամբ, ով այդ պահին ինձ հետ էր (ԵՊԲՀ-ի ուսանող է): Հիվանդանոցում ամեն ինչ արդեն պատրաստ էր: Արագ թիմ կազմավորվեց` մեր, Նոյեմբերյանի հիվանդանոցի բժիշկների և Երևանից ժամանած ռեանիմատոլոգի կողմից: Թիմային լուրջ աշխատանք կատարվեց, արդյունքում` զինծառայողի կյանքը փրկվեց:

– Այսինքն` ԱԲՋ-ում սահմանված բուժապահովման ծավալից` որակավորված բուժօգնությունից զատ, նաև մասնագիտացված բուժօգնություն է իրականացվում:

– Ես ընդհանուր և օնկովիրաբույժ եմ, և իմ գործունեության հիմնական ուղղությունը նախքան զինված ուժերում ծառայության անցնելը աբդոմինալ (որովայնի) ուռուցքաբանությունն է եղել: Սակայն, քանի որ քաղցկեղային հյուսվածքներ կարող են առաջանալ օրգանիզմի տարբեր հատվածներում, առնչվել եմ նաև գինեկոլոգիական, ուրոլոգիական, կրծքավանդակի օրգանների և այլ վիրաբուժական խնդիրների հետ: Լինում են իրավիճակներ, երբ չի կարելի ժամանակ կորցնել, երբ ընտրության հնարավորություն պարզապես չկա, և արվում է հնարավորը` վիրավորին փրկելու համար: Իհարկե, մշտապես համագործակցում ենք նաև նեղ մասնագետների հետ:

Վիրավորի կյանքը փրկելը թիմային աշխատանքի արդյունք է, և յուրաքանչյուր օղակ իր չափազանց կարևոր դերակատարումն ունի: Որպեսզի մենք վիրահատենք, վիրավորը պետք է մեզ հասնի… իսկ այդ ամբողջ ճանապարհն ապահովում է զորային օղակի բուժանձնակազմը՝ բժիշկների գլխավորությամբ:

– Վերջերս Ձեր հիվանդներից մեկի խնդրանքով շնորհակալական նամակ հրապարակվեց amda.am կայքում. վիրահատվել էր ԱԲՋ-ում, և երբ զրուցում էի նրա հետ, անկեղծ երախտագիտությամբ էր խոսում Ձեր և բուժանձնակազմի մասին:

– Մենք մեր պարտքն ենք կատարում: Անում ենք այն, ինչ վայել է բժշկին՝ շնորհակալության չսպասելով, սակայն մարդկանց գերակշիռ մասը գոհ է հեռանում ԱԲՋ-ից և գնահատում է մեր ծառայությունը, ինչը, իհարկե, ուրախացնող է:

– Այս պահին սահմանին հարաբերական խաղաղություն է: Եթե փորձենք համեմատել նախորդ տարիների հետ, ինչպիսի՞ն էր տարին մարտական վիրավորումների առումով:

– Այս տարի հրազենային և ականապայթյունային վիրավորումների թիվն էապես նվազել է՝ շուրջ 50 տոկոսով:

– Շնորհակալություն զրույցի համար, պարո՛ն փոխգնդապետ: Խաղաղ, անփորձանք ծառայություն եմ մաղթում Ձեզ և ԱԲՋ-ի բուժանձնակազմին:

Հասմիկ Գյոզալյան