«Նրանք մի բուռ խրամատն իրենց տունն են համարել»

Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի Amda.am կայքի նախորդ հրապարակումներում պարբերաբար անդրադարձել ենք ԼՂՀ ՊԲ Մեխակավանի ԱԲՋ-ի ծառայությանը, որը որակավորված բուժօգնությամբ է ապահովում ԼՂՀ ՊԲ հարավարևելյան և հարավային ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի զինծառայողներին: Այսօր ընթերցողին կներկայացնենք ԼՂՀ ՊԲ Մեխակավանի ԱԲՋ-ի թերապևտիկ բաժանմունքի պետ, բ/ծ կապիտան Գագիկ Հակոբյանի հետ անցկացված զրույցը:

– Պարո՛ն Հակոբյան, ինչպես գիտենք, վերջին օրերին քաղաքացիական բուժհաստատություններում սուր ռեսպերատոր և շնչառական հիվանդությունների ցուցանիշները զգալիորեն աճել են: Ինչպե՞ս է իրավիճակը Ձեզ մոտ:

– Նախորդող օրերի ընթացքում հիվանդներ ընդունել ենք միայն մեկ զորամասից, սակայն նրանց թիվը մտահոգիչ չէ: Բաժանմունքը չի ծանրաբեռնվել, հիվանդներն ապաքինվում են, և կարծում եմ՝ մոտակա օրերին նրանց կկարողանանք դուրս գրել: Կարող եմ հավելել, որ տվյալ զորամասում նույնպես վիճակը կայունացել է:

– Ի՞նչ բուժկանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել և իրականացվելու (սովորաբար ձմեռային զորակոչից, զինվորների երդման հանդիսավոր արարողություններից հետո ՍՌՀ և ՍՇՀ ցուցանիշները զորային օղակում աճում են):

– Այս տարի առաջին անգամ զինված ուժերում՝ զորային օղակում, իրականացվելու են հակագրիպային պատվաստումներ: Ձեռնարկվելու են նաև անհրաժեշտ միջոցառումներ՝ պատվաստումների հետևանքով հնարավոր բարդությունները վաղ հայտնաբերելու և համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ, իսկ դեղորայքային ալերգիա ունեցող զինծառայողները կլինեն բուժանձնակազմի հսկողության ներքո:

Սուր շնչառական հիվանդությունները (հիմնականում թոքաբորբը) վաղ հայտնաբերելու, տարածումը կանխարգելելու նպատակով ԼՂՀ ՊԲ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի բուժանձնակազմի կողմից սահմանված ժամանակացույցով զորամասերում իրականացվելու են ֆլյուորոգրաֆիկ հետազոտություններ:

– Մասնագիտությամբ սրտաբան եք և փաստորեն այստեղ Ձեր նեղ մասնագիտական գիտելիքները լայնորեն կիրառել և, բնականաբար, կիրառելով ավելի հմտանալ այդ ոլորտում թերևս չեք կարող: Օրեցօր այդ ոլորտում նույնպես բժշկագիտությունն առաջընթաց է ապրում՝ նոր լուծումներ առաջարկելով: Փորձո՞ւմ եք որևէ կերպ լրացնել ինֆորմացիայի պակասը. այստեղ դա հնարավո՞ր է:

– Այստեղ ամենից առաջ ես փորձում եմ անթերի կատարել իմ առջև դրված խնդիրը, բաժանմունքում լիարժեք կազմակերպել և իրականացնել թերապևտիկ ծառայությունը՝ օգտագործելով և՛ մարդկային, և՛ նյութատեխնիկական առկա ռեսուրսները: Եվ որքան էլ մեծ լինի աշխատանքի ծավալը, չենք թերանում:

– Որքա՞ն հաճախ եք ընդունում սրտային գանգատներ ունեցող հիվանդների:

-Սրտային հիվանդությունները զինված ուժերում առավել հաճախ հանդիպում են սպայական կազմի և պայմանագրային զինծառայողների շրջանում, իսկ պարտադիր զինծառայություն իրականացնող երիտասարդների շրջանում գրեթե չեն հանդիպում. եթե նախազորակոչային բուժզննումների ընթացքում զորակոչիկի մոտ սրտի օրգանական ախտահարումներ են հայտնաբերվում, ապա զորակոչիկը կա՛մ ազատվում է պարտադիր զինծառայությունից, կա՛մ համարվում է պիտանի՝ որոշ սահմանափակումներով:

– Իսկ կարո՞ղ են չհայտնաբերվել նախազորակոչային բուժզննումների ընթացքում և դրսևորվել զինծառայության ընթացքում:

Հնարավոր է, եթե զորակոչիկը գանգատներ չի նշել և լրացուցիչ բուժզննումներ այդ ուղղությամբ չեն իրականացվել:

– Ունե՞ք օրինակներ:

– Երկու օրինակ, որոնք մեզ մոտ են հայտնաբերվել:

– Ինչպե՞ս են լուծվել այդ խնդիրները:

– Նախ՝ զինծառայողը զորային օղակից տեղափոխվել էր ԱԲՋ. լսել ենք նրա գանգատները, պարտադիր հետազոտություններ են կատարվել, և արդյունքները վերլուծելով՝ եկել ենք այն համոզման, որ նա սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունի: Սահմանված կարգով հիվանդը տեղափոխվել է բուժօգնության հաջորդ էտապ, որտեղ կատարվել են լրացուցիչ հետազոտություններ՝ նախնական ախտորոշումը հաստատելու համար, և համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել: Այնուհետև նրանց ներկայացրել են ԿՌԲՀ՝ զինծառայության համար ոչ պիտանի ճանաչելու և զորացրելու նպատակով:

– Պարո՛ն Հակոբյան, ապրիլյան պատերազմի ընթացքում զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերելու համար Դուք պարգևատրվել եք «Գարեգին Նժդեհ» մեդալով: Ձեր բուժանձնակազմն անցել է այդ պատերազմի միջով՝ ուղղակիորեն իր վրա կրելով առաջնագծից տեղափոխված վիրավորներին փրկելու պատասխանատվությունը, առաջինը կիսելով անդառնալի կորուստների ցավը: Այսօր էլ ծառայում եք «մարտական 1-ին» պատրաստականությամբ:

– Իրականում հայ-ադրբեջանական պատերազմը երբեք էլ չի ավարտվել: «Դիպուկահարների պատերազմին» հաջորդել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերը, հարձակումները մեր հենակետերի ու դիրքերի վրա, պարբերաբար գնդակոծվել են խաղաղ բնակավայրերը, իսկ ապրիլյան պատերազմի օրերին թշնամին գործի էր դրել հատուկ նշանակության հարվածային ուժերը, ծանր հրետանին…

…Մինչ այդ մեր զինվորները տեսել են՝ ինչպես է թշնամին օրեցօր ավելացնում, կուտակում զինտեխնիկան պաշտպանական բնագծի ամբողջ երկայնքով՝ ոչ միայն առաջին, այլև երկրորդ շարակազմում: Նրանք տեսել են՝ ինչպես է թշնամին հարձակվում, հարվածում, ինչպես են ընկնում իրենց ընկերները… Նրանք մի բուռ խրամատն իրենց տունն են համարել և մինչև վերջին փամփուշտը կռիվ տալով՝ թույլ չեն տվել, որ թշնամին գրավի այն: Անհավասար մարտում նրանք հաղթել են…

Մեր տղաները՝ զինվոր թե հրամանատար, այսօր էլ սառնասրտորեն դիտում են թշնամու կուտակումները և մարտական բարձր կարգապահությամբ, մարտական բարձր ոգով իրականացնում ծառայությունը: Փառք ու պատիվ նրանց:

Էդիտա Մելքոնյան