«Ես իմ պարտքն եմ կատարել՝ օգնելով դիրքապահ զինվորին»

Տավուշի առանձին բժշկական ջոկատ կատարած մեր այցելության ընթացքում զրուցել ենք ԱԲՋ-ի ընդունման բաժանմունքի բժիշկ-օրդինատոր, անոթային վիրաբույժ, բուժծառայության լեյտենանտ Կառլեն Գևորգյանի հետ:

– Պարո՛ն լեյտենանտ, որպես երկտարեցի բժիշկ՝ արդեն գրեթե 2 տարի ծառայում եք Տավուշում: Խնդրում եմ՝ պատմե՛ք, թե ի ՞նչ ճանապարհ եք անցել նախքան ՀՀ ԶՈՒ զորակոչվելը:

– Ծննդով Արարատի մարզի Արարատ գյուղից եմ: Մայրս բուժաշխատող է՝ դեղագործ, և հավանաբար այդ իրողությամբ էր պայմանավորված իմ՝ բժշկի մասնագիտության ընտրությունը: Անկեղծ կլինեմ՝ այլ ասպարեզում ինձ երբևէ չեմ պատկերացրել և դրանում առավել համոզվեցի ուսումնառության առաջին իսկ օրերին, երբ սկսեցի բժշկական խալաթ կրել:

2002-2008 թվականներին ուսանել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում: Ուսանողական տարիներին պարբերաբար հերթապահում էի բուժհաստատություններում, ներկա լինում տարբեր վիրահատությունների: Ստացվեց այնպես, որ հերթապահությունների ընթացքում ինձ բախտ վիճակվեց մի քանի անգամ օգնել անոթային վիրաբույժին, և ժամանակի ընթացքում ձևավորվեցին հետաքրքրությունս ու ձգտումս դեպի վիրաբուժության այդ ճյուղը: Հետբուհական կրթությունս (կլինիկական օրդինատուրա) շարունակել եմ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի սրտանոթային վիրաբուժության ամբիոնում, որը տեղակայված է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում: 2011 թվականին՝ կլինօրդինատուրան ավարտելուց հետո, աշխատանքի եմ անցել Արարատ քաղաքի «Արարատ» բժշկական կենտրոնում՝ որպես անոթային վիրաբույժ: 3 տարի աշխատելուց հետո զորակոչվել եմ զինված ուժեր՝ ծառայության անցնելով նախ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում, ապա ամիսներ անց, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, նշանակվել եմ Տավուշի ԱԲՋ-ում:

– Զինվորական ծառայության դեպքում, ճիշտ է, դժվարություններն օրինաչափ են, սակայն Ձեր ծառայությունն անցել է այնպիսի զորամասում, որն այդ առումով ևս առանձնահատուկ է. այն է՝ անձնակազմը մարտական խնդիր է կատարում սահմանի չափազանց բարդ ու լարված հատվածում:

– Հատկապես ծառայության սկզբի օրերին իսկապես դժվարությունների բախվել եմ, սակայն թո՛ւյլ տվեք չմանրամասնել, քանի որ ինքս էլ դրանք օրինաչափ եմ համարում: Միայն կասեմ, որ կարճ ժամանակահատվածում հարմարվել եմ ծառայությանը:

– Դժվարություններից մեկը, թերևս, կռահում եմ. Դուք նեղ մասնագետ եք՝ անոթային վիրաբույժ, իսկ զորային օղակում սահմանված են բուժապահովման հստակ ծավալներ:

– Այո՛, սակայն այդ առումով ինքս ինձ փարատելու անհրաժեշտություն չեմ ունեցել. դա այնքան մեծ ժամանակահատված չէր, որ վնասեր իմ մասնագիտական առաջընթացին: Բացի դրանից՝ ես իմ պարտքն եմ կատարել՝ օգնելով դիրքապահ զինվորին: Դա արդարացնում է ամեն ինչ:

Հիշո՞ւմ եք՝ առաջին անգամ ինչպես եք դիրքերից տարհանել վիրավոր զինծառայողին:

– Դա ծառայության առաջին օրերին էր: Անսովոր էր, բայց պատասխանատվության զգացումը ստիպեց սթափվել և պատշաճ կատարել պարտականությունս:

– ԱԲՋ-ում արդեն հնարավորություն ստացաք որոշ չափով կիրառելու Ձեր մասնագիտական գիտելիքները: Շարքային կազմի շրջանում առավել հաճախ ի՞նչ խնդիրներ են հանդիպում:

– Նույն խնդիրները, որոնք հանդիպում են նաև քաղաքացիական բնակչության շրջանում՝ վարիկոզ, վերջույթների զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարում (այս դեպքում ավելի քիչ՝ պայմանավորված զինծառայողների տարիքով): Իհարկե, երբեմն լինում են նաև ծառայությամբ պայմանավորված առանձնահատկություններ (հիմնականում վնասվածքների հետևանքով առաջացած խնդիրների դեպքում), որոնք առանձնահատուկ մոտեցումներ են պահանջում: Շարքային կազմի շրջանում անոթային լուրջ պաթոլոգիայի չեմ հանդիպել:

– Եղե՞լ են դեպքեր, երբ վիրահատության շնորհիվ հիվանդի վերջույթը փրկվել է…

– Այո՛, օրինակ՝ Տավուշի ԱԲՋ էր տեղափոխվել մի քաղաքացի, ով պատահարի հետևանքով լուրջ վնասվածք էր ստացել: Վերականգնեցինք զարկերակի անցանելիությունը և փրկեցինք վերին վերջույթը:

– Հաշված օրեր անց զորացրվելու եք: Ի՞նչ եք «տանելու» Ձեզ հետ:

– Առիթն օգտագործելով՝ պետք է ասեմ, որ ես հիացած եմ Տավուշի բնությամբ, տավուշեցու մարդկային առաքինություններով՝ սրտաբացությամբ, շիտակությամբ, նույնիսկ անծանոթին աջակցելու, հասնելու ունակությամբ: Նախքան ծառայությունս Բերդի տարածաշրջանում երբեք չէի եղել, իսկ հիմա յուրաքանչյուր բնակավայրում լավ բարեկամ ունեմ: Դրական տպավորություններով եմ հեռանալու և անպայման վերադառնալու եմ:

Ուրախ եմ, որ ծառայում եմ հենց Տավուշում: Սա զինվորական ծառայություն է՝ ամենաիսկական իմաստով:

Հասմիկ Գյոզալյան