«Պատրաստ եմ ծառայել Հայրենիքին». արյուն հանձնեց հոբելյանական N-րդ դոնորը

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի արյան պաշարման և փոխներարկման բաժանմունքի մի խումբ բժիշկներ և բուժաշխատողներ, բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Մարգարիտա Հակոբյանի գլխավորությամբ, պլանային այցով ԶՈՒ զորամասերից մեկում էին:

Համաձայն պաշտպանության նախարարի՝ անվարձահատույց և կամավոր հիմունքներով արյուն հանձնելու մասին հրամանի՝ բաժանմունքի մասնագետները սահմանված կարգով այցելում են որևէ զորամաս՝ բանակի արյան պաշարները համալրելու նպատակով: Հերթական այցելությունը, սակայն, առանձնահատուկ էր. ի թիվս այլ զինծառայողների, դոնորական արյուն հանձնեց նաև հոբելյանական N-րդ դոնորը:

ՀՀ ՊՆ ԿԿԶՀ արյան պաշարման և փոխներարկման բաժանմունքի պետ, բ/ծ մայոր Մարգարիտա Հակոբյանը նախ ողջունեց զորամասի բուժկետ ներկայացած դոնոր զինծառայողներին՝ երախտագիտություն հայտնելով պատրաստակամության համար և անփորձանք ծառայություն մաղթելով նրանց:

Արյան պաշարումը պարտադիր, անհրաժեշտ ու շարունակական գործընթաց է: Ինչպես փաստում է Մարգարիտա Հակոբյանը, մարտական պատրաստականությունը պետք է մշտապես բարձր լինի: Պետք է պատրաստ լինել՝ յուրաքանչյուր վայրկյան անհրաժեշտ քանակությամբ արյուն հասցնելու վիրավոր կամ հիվանդ զինծառայողին: Հենց այս կարևոր սկզբունքն է բաժանմունքի բուժանձնակազմի ծառայության հիմքում՝ ստեղծման պահից մինչ օրս:

«Ապրիլյան պատերազմի օրերին, չնայած վիրավորների մեծ հոսքին, ՊՆ ԿԿԶՀ արյան պաշարման և փոխներարկման բաժանմունքի բուժանձնակազմն աշխատել է բնականոն հունով, առանց խուճապի, քանի որ մենք բավականաչափ արյան պաշար ունեինք և կարողացանք բոլոր վիրավորներին ապահովել անհրաժեշտ արյունով: Մենք ոչ մի վիրավորի չենք կորցրել արյան կորստի պատճառով»,- նշեց Մարգարիտա Հակոբյանը:

Բաժանմունքի պետը գոհունակությամբ փաստեց, որ ինչպես Արցախյան պատերազմի տարիներին ազատամարտիկները, մարտի դաշտից վերադառնալով, արյուն էին հանձնում, նույն պատրաստակամությամբ ու հայրենասիրական մղումներով են դա անում նաև այսօրվա զինծառայողները՝ լիովին գիտակցելով այդ քայլի կարևորությունը:

Աշխատանքի արդյունավետ իրականացման առումով Մարգարիտա Հակոբյանը կարևորեց սերտ համագործակցությունը զորային օղակի բուժանձնակազմերի հետ:

Զորամասի բուժծառայության պետ, բ/ծ մայոր Նաիրա Քերոբյանն էլ հավելեց, որ բաժանմունքի և զորամասի միջև սերտ բարեկամական կապ է հաստատվել. «Դոնորական արյուն հանձնելու գործընթացն իրականացնելու համար չափազանց մեծ նշանակություն ունի զորամասում տվյալ պահին տիրող համաճարակային իրավիճակը: Շուրջ տասն օր առաջ մենք ունեինք սուր շնչառական վարակներով հիվանդ զինծառայողներ, սակայն բոլորն ապաքինվել են և շարք վերադարձել: Այս պահի դրությամբ համաճարակային իրավիճակը կայուն է: Բուժկետում հիվանդներ չունենք, և արյուն հանձնելու համար որևէ խոչընդոտ չկա»:

ՊՆ ԿԿԶՀ արյան պաշարման և փոխներարկման բաժանմունքի բժիշկ-շիճուկաբան, բ/ծ կապիտան Արմեն Հովսեփյանը, խոսելով արյան պաշարման գործընթացին անմիջապես հաջորդող քայլերի մասին, նշեց, որ ժամանակակից սարքավորումների շնորհիվ արյունն անմիջապես կոնսերվացվում է: Հետագա համապատասխան մշակումից հետո արյան պլազման պահպանվում է 3 տարի:

ՊՆ ԿԿԶՀ արյան պաշարման և փոխներարկման բաժանմունքի բժիշկ-փոխներարկաբան, բ/ծ կապիտան Աշխեն Մարտիրոսյանն էլ իրականացնում էր դոնորների նախնական թերապևտիկ զննում:

«Փորձում ենք հայտնաբերել բոլոր հակացուցումները: Դրանց բացակայության պարագայում միայն դոնորներն արյուն հանձնելու իրավունք ունեն: Ունենք նաև դոնորի հարցաթերթիկ, որը կազմված է միջազգային չափորոշիչներով հաստատված հարցաշարից: Զինծառայողները հարցերին պատասխանում են մեր մեկնաբանություններից և բացատրություններից հետո: Զրույցի ընթացքում նաև բավականին մանրամասն հետաքրքրվում ենք կյանքի ընթացքում կրած հիվանդությունների, ներկայում անհանգստացնող գանգատների վերաբերյալ, որպեսզի բացառենք որևէ գանգատ ունեցող զինծառայողի՝ արյուն հանձնելու գործընթացը: Այս առումով անգնահատելի է նաև զորամասի բժիշկների օգնությունը»:

Շարքային Գրիգոր Մարտիրոսյանը հոբելյանական N-րդ դոնորն է: Այդ առիթով նրան շնորհավորանքի խոսքեր ուղղեց Մարգարիտա Հակոբյանը և պաշտպանության նախարարի հրամանով՝ նրան հանձնեց նվեր ժամացույցը:

Ի պատասխան՝ զինվորը հավաստիացրեց. «Պատրաստ եմ ծառայել Հայրենիքին»:

«Այսօր սիրով ու պատրաստակամությամբ եմ եկել այստեղ: Եթե կարիքը լինի, կրկին արյուն կհանձնեմ: Իմ արյունը հազվադեպ հանդիպող է՝ երկրորդ կարգի բացասական, և ես գիտակցում եմ դրա անհրաժեշտությունը: Ոգևորող է այն միտքը, որ քո արյունը կարող է օգնել զինակից ընկերոջդ, ում անգամ չես ճանաչում»,-նշեց զինծառայողը:

Գրիգորն ընտրել է ճարտարապետի մասնագիտությունը: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկ տարի ուսանելուց հետո զորակոչվել է ԶՈՒ. «Ծնվել եմ զինվորականների ընտանիքում, ծնողներս զինծառայողներ են: Մեծացել եմ այնպիսի մթնոլորտում, որտեղ ի սկզբանե ձգտում է ձևավորվել զինվորական ծառայության նկատմամբ: Մանկուց համազգեստ եմ կրել, մասնակցել տարբեր միջոցառումների: Այս տարի էլ մասնակցել եմ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին՝ արդեն որպես հրետանավոր: Բանակը և իմ ընտրած մասնագիտությունն իրար նման են: Երկու դեպքում էլ ինչ-որ բան ես կառուցում: Ներսում՝ բանակում, կառուցում ենք ամրություն, խաղաղություն, դրսում՝ այնպիսի կառույցներ, որտեղ կարող ենք ապրել, արարել բանակի կառուցած խաղաղության պայմաններում»:

Մարտկոցի հրամանատար, մայոր Մհեր Եսայանը, ով ուղեկցում էր զինծառայողներին, ինքնաբուխ որոշում կայացրեց. «Ես էլ եմ արյուն հանձնելու»:

«Երկար տարիներ ծառայել եմ մարտական հերթապահություն իրականացնող զորամասում և մեծ ցանկություն ունեմ կրկին վերադառնալու: Ծառայության ընթացքում, ականատես լինելով սահմանային միջադեպերի, որոնց հետևանքով վիրավորներ ենք ունեցել, ինքս գիտակցում եմ, թե որքան կարևոր կարող է լինել մեր արյունը… Չափազանց բարձր եմ գնահատում առաջնագծում կանգնած սպաների և զինվորների ծառայությունը, և սա մեր ամենափոքրիկ օգնությունն է նրանց: Թո՛ղ որ դրա կարիքը երբևէ չլինի»,- նշեց մայոր Եսայանը:

«Մենք բոլորս գիտակցում ենք, որ ապրում ենք ո՛չ պատերազմի, ո՛չ խաղաղության պայմաններում, և իմ արյունը յուրաքանչյուր վայրկյան կարող է անհրաժեշտ լինել իմ զինակից ընկերների՝ եղբայրներիս կյանքը փրկելու համար,- ասաց շարքային Ռոման Թադևոսյանը և հավելեց,- ես արյուն եմ հանձնել նաև նախքան զինվորական ծառայությունը՝ ապրիլյան պատերազմի օրերին, այսօր էլ մեծ պատրաստակամությամբ եմ հանձնում, քանի որ գիտակցում եմ արյան գինը»:

Հասմիկ Գյոզալյան

  • 01+ (Medium)
  • 02+
  • 03+
  • 04+
  • 05+