«Բժշկի մասնագիտության հանդեպ սերը սերմանել են ծնողներս»

Տավուշի առանձին բժշկական ջոկատ կատարած մեր այցելության ընթացքում ԱԲՋ-ի ավագ օրդինատոր, վնասվածքաբան-օրթոպեդ, բուժծառայության մայոր Վլադիմիր Սեյրանյանի հետ զրուցել ենք ռազմական բժշկության մեջ վնասվածքաբանության առանձնահատկությունների, մասնագիտական վերապատրաստման անհրաժեշտության և այլ հարցերի շուրջ:

– Պարո՛ն մայոր, նախքան Տավուշի ԱԲՋ-ում ծառայության նշանակվելը Ձեր ծառայողական կենսագրության բոլոր փուլերը կապված են ԼՂՀ պաշտպանության բանակի հետ: Խնդրում եմ՝ ներկայացրե՛ք Ձեր ծառայողական ուղին:

– Բժշկի մասնագիտության հանդեպ սերը սերմանել են ծնողներս, ուստի, թեև ընտանիքում բժիշկներ և զինվորականներ չկան, դեռևս մանկուց հետաքրքրությունս մեծ է եղել մասնագիտության նկատմամբ: Ծառայությունս ընթացել է բնականոն հունով, և երբեք չեմ զղջացել ընտրության համար:

2001 թվականին ընդունվել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ: 2008 թվականին՝ ինտերնատուրան ավարտելուց հետո, ծառայության եմ նշանակվել ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում՝ որպես բուժկետի բժիշկ-մասնագետ, այնուհետև ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում զբաղեցրել եմ բուժկետի պետի, ապա նաև՝ բուժծառայության պետի պաշտոնները:

2012 թվականի սեպտեմբերից հետբուհական կրթությունը շարունակել եմ կլինօրդինատուրայում՝ վնասվածքաբանություն և օրթոպեդիա մասնագիտությամբ (Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն): Ավարտել եմ 2015 թվականին և նշանակվել Տավուշի ԱԲՋ-ում՝ որպես վնասվածքաբան-օրթոպեդ:

– Ձեր ծառայությունն անցել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում, և, կարելի է ասել, սահմանի «շունչը» խորթ չէ Ձեզ համար: Այնուամենայնիվ, ո՞րն է Տավուշի ԱԲՋ-ում ծառայության հիմնական առանձնահատկությունը:

– Թեև վերջին ժամանակահատվածում հարաբերական խաղաղություն է, սակայն տարածաշրջանը բավականին անհանգիստ ու լարված է. գաղտնիք չէ, որ Բերդի տարածաշրջանն ամենաերկար սահմանն ունի Ադրբեջանի հետ: Դա հաշվի առնելով՝ Տավուշի ԱԲՋ-ի բուժանձնակազմը չափազանց մեծ պատասխանատվությամբ է իրականացնում իր առաքելությունը: Եթե նկատի ունենանք նաև այն իրողությունը, որ տարածաշրջանում մի շարք մասնագետներ, այդ թվում՝ վնասվածքաբան-օրթոպեդ չկա, և ԱԲՋ-ն սպասարկում է նաև քաղաքացիական բնակչությանը, ծանրաբեռնվածությունը բավականին մեծ է: Մենք գրեթե ամեն օր վիրահատություններ ենք իրականացնում: Սակայն անպայման պետք է նաև նշեմ, որ գոհ եմ այստեղ նշանակվելու կապակցությամբ, քանի որ ծառայում եմ բժշկական կուռ թիմի կազմում:

– Անվիճելի է, որ վնասվածքաբանի ներկայությունը չափազանց կարևոր է բանակում՝ հատկապես մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմերին սպասարկող բուժհաստատությունում: Սակայն մարտական վիրավորումներից զատ՝ ծառայության վայրում, ինչպես նաև առօրյա կյանքում ոչ ոք ապահովագրված չէ հիվանդություններից: Հետաքրքիր է՝ առավել հաճախ ի՞նչ գանգատներով են դիմում զինծառայողները:

– Ոչ միայն բուն պատերազմական գործողությունների ընթացքում, այլև հարաբերական խաղաղության պայմաններում, ցավոք, ունենում ենք վիրավորներ… Իսկ հրազենային, ականապայթյունային վիրավորումների դեպքում առաջին հերթին որակավորված բժշկական օգնություն են ցուցաբերում ընդհանուր վիրաբույժները և վնասվածքաբանները:

Ինչ վերաբերում է առավել հաճախ հանդիպող խնդիրներին, ապա գաղտնիք չէ, որ ունենք զինծառայողներ, ովքեր ԶՈՒ են զորակոչվում որոշակի սահմանափակումներով:

Եթե սահմանափակումներ ունեցող զինծառայողը որևէ գանգատ ունի, առաջին հերթին պետք է գտնել պատճառը և վերացնել այն: Զորամասերում բժիշկները հետևողական են, որպեսզի պարտադիր կատարվեն համապատասխան հոդվածների պահանջները: Ես ինքս էլ հաճախ մասնագիտական խորհուրդներ եմ տալիս զինծառայողներին: Լինում են դեպքեր, երբ բուժման անհրաժեշտություն չկա, իսկ ճիշտ կազմակերպված ֆիզիկական պատրաստությունը ոչ միայն չի վնասում, այլև օգնում է:

– Պարո՛ն մայոր, խոսենք նաև մասնագիտական վերապատրաստումների անհրաժեշտության մասին:

– Կյանքն արագ է զարգանում, բժշկությունը՝ առավել ևս: Գրեթե ամեն օր կարելի է կարդալ նորագույն տեխնոլոգիաների, վիրահատական նորարարական մեթոդների, նոր հայտնագործությունների, գերժամանակակից բուժսարքավորումների մասին, որոնք առավել արդյունավետ են դարձնում աշխատանքը: Բժիշկը պետք է անընդհատ տեղեկացված լինի ոլորտի նորությունների մասին: Մասնագիտական վերապատրաստումներն էլ, անշուշտ, կարևոր են առաջավոր երկրների փորձին ծանոթանալու, մասնագիտական գիտելիքները կատարելագործելու առումներով:

Հասմիկ Գյոզալյան