ԼՂՀ ՊԲ Մեխակավանի ԱԲՋ-ի բակում կառուցվել է Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռը

Օրեր առաջ ԼՂՀ ՊԲ Մեխակավանի ԱԲՋ-ի բակում օծվել է Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռը և իր դռները բացելով բոլորի առաջ՝ լուսավոր կետ դարձել առաջնագծում ծառայող մեր զինվորների ու հրամանատարների, մեր բանակի բժիշկների, նրանց հարազատների համար:

«Քառօրյա պատերազմից անցել էին օրեր, երբ ծնվեց մատուռը կառուցելու գաղափարը,- պատմում է ԼՂՀ ՊԲ Մեխակավանի ԱԲՋ-ի երկտարեցի զինծառայող, բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-գինեկոլոգ Արմեն Գասպարյանը,- վերադառնալով Երևան և հանդիպելով ընկերներիս՝ պատմեցի նրանց, որ ուզում ենք ԱԲՋ-ի բակում մատուռ կառուցել: Մեր նախաձեռնությունը նրանց էլ ոգևորեց, իսկ մեզ համար ամենաոգևորիչը, իհարկե, այն միտքն էր, այն իրողությունը, որ Հայաստանում բնակվող մեր ընկերները միշտ կանգնած են մեր թիկունքին ու պատրաստ են սատարելու մեզ: Օրեր անց ընկերներս համախմբված Երևանից Մեխակավան տեղափոխեցին ամբողջ շինանյութը, որ անհրաժեշտ էր մատուռը կառուցելու համար, նույնիսկ սրբատաշ քարերն էին բերել Հայաստանից, և մենք գործի անցանք՝ մի մարդու նման, մի բռունցք դարձած»:

Մեխակավանի ԱԲՋ-ի ամբողջ բուժանձնակազմը՝ հրամանատար Էրիկ Պետրոսյանի ղեկավարությամբ, սկսում է շինարարական աշխատանքները, մոտակա զորամասից զինվորները գալիս են և օգնում նրանց՝ իրենց հավատով ապացուցելով, որ «անկրոն էակը հրաշունչ զինվոր չի դառնում»: Միասին քարը քարին են դնում, ամրացնում տանիքը, կանգնեցնում խաչը՝ որպես պայքարի և հաղթության խորհրդանիշ:

«Այստեղ մենք կաղոթենք մեր զինվորների համար, այստեղ մեր զինվորները կաղոթեն…,- խոսափողի միջից լսում եմ ԼՂՀ ՊԲ Մեխակավանի ԱԲՋ-ի հրամանատարի բուժգծով տեղակալ, բ/ծ կապիտան Հայկ Հարությունյանի ձայնը,- սակայն մեզ համար մատուռի բացումը կրկնակի ուրախություն էր. չէ որ նախորդ օրն էլ մեր բուժանձնակազմը տոնել էր նոր բնակարանամուտը: Այսօր մեզանից յուրաքանչյուրը հպարտ է, որ իր նորաստեղծ ընտանիքը ապրելու է այն հողի վրա, որն իրենց կյանքի գնով մեր տղաներն անառիկ են պահել: Եվ մենք էլ, ծառայելով այստեղ, ոչ միայն մեր պարտքն ենք կատարում մեր ժողովրդի ու Հայրենիքի առաջ, այլև ապրեցնում ու ծաղկեցնում ենք այն հողը, որ նրանք են ազատագրել ու պաշտպանել»:

Հ.Գ.: Երբ գրեցի առաջին տեքստը ԼՂՀ ՊԲ Մեխակավանի ԱԲՋ-ի բակում կառուցված Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռի օծման մասին, և արդեն պատրաստվում էինք այն հրապարակել, ԼՂՀ ՊԲ Մեխակավանի ԱԲՋ-ի հրամանատարի բուժգծով տեղակալ, բ/ծ կապիտան Հայկ Հարությունյանը, ծանոթանալով տեքստին, «ընդդիմացավ»՝ ընկերոջ իրավունքով. «…Մենք փորձում ենք անցյալում թողնել ծանր հիշողություններն ու կորստի ցավը: Մենք նոր էջ ենք գրում մեր զորամասի պատմության մեջ: Մի՛ գրեք պատերազմի մասին: Մեր ժողովրդին լույս ու խաղաղություն է պետք»:

…Նյութը գրեցի երկրորդ անգամ՝ երախտագիտությամբ, որ Հայկ Հարությունյանն ուղղել էր ինձ:

Էդիտա Մելքոնյան

  • 01
  • 02
  • 03
  • 06
  • 07
  • 16011
  • 16012