Ռազմաբժշկական ուսումնական կենտրոնը թողարկեց իր առաջին շրջանավարտներին

Այս շաբաթ դասընթացներն ավարտեցին Զինված ուժերի ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի առաջին ունկնդիրները:

Այդ կապակցությամբ դեկտեմբերի 23-ին ուսումնական հաստատությունում կայացել է հանդիսավոր արարողություն, որին, ի թիվս զինծառայողների ծնողների ու հարազատների, ներկա են եղել նաև ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բուժծառայության գնդապետ Կամավոր Խաչատրյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի սպաները, ովքեր սանհրահանգիչներին են հանձնել ավարտական վկայականներն ու զինվորական կոչումները:

Ընդամենն ամիսներ առաջ հայրենիքին անձնվիրաբար ծառայելու երդում տված զինվորները հերթական անգամ վերահաստատել են իրենց խոսքերը՝ ծնողների ու բարձրաստիճան սպաների առջև խոստանալով զինվորական կոչումը կրել պատվով ու նվիրումով, մասնագիտական գիտելիքները ծառայեցնել հայրենիքին ու հայոց բանակին:

Շնորհավորելով 16 շաբաթյա դասընթացները հաջողությամբ ավարտելու առթիվ՝ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը հույս է հայտնել, որ ուսումնական կենտրոնում ստացած գիտելիքները սանհրահանգիչները կկիրառեն նաև գործնականում, քանի որ թե՛ մարտադաշտում, թե՛ խաղաղ պայմաններում սանհրահանգչի մասնագիտական որակներից ու հմտություններից է մեծապես կախված զինվորի կյանքի փրկության «ոսկե ժամանակը»:

Միջոցառման հանդիսավոր մասին հաջորդել է ցուցադրական պարապմունքը: Ինչպես պետք է օգնել վիրավորին, ցուցաբերել առաջին բուժօգնություն ու տարհանել մարտի դաշտից: Ռազմաբժշկական կենտրոնում ստացած գիտելիքներն ու մասնագիտական հմտություններն ունկնդիրները ներկայացրել են ոչ միայն ԶՈՒ ռազմաբժշկական վարչության սպաներին, այլև իրենց ծնողներին ու հարազատներին:

Նշենք նաև, որ անցնող շաբաթվա ընթացքում ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի ունկնդիրներն ավարտական քննություններ են հանձնել կրակային, ֆիզիկական ու մասնագիտական պատրաստություն առարկաներից:

Հ.Գ.: Ռազմաբժշկական ուսումնական կենտրոնում անցկացված քննաշրջանի և ավարտական հանդիսության մասին պատմող տեսանյութը՝ շուտով:

  • Razmabjshkakan kentron.00_00_55_03.Still001
  • Razmabjshkakan kentron.00_01_28_12.Still015
  • Razmabjshkakan kentron.00_02_24_24.Still018
  • Razmabjshkakan kentron.00_03_10_08.Still022
  • Razmabjshkakan kentron.00_03_46_20.Still023
  • Razmabjshkakan kentron.00_03_53_16.Still024
  • Razmabjshkakan kentron.00_03_59_20.Still010
  • Razmabjshkakan kentron.00_04_43_11.Still013
  • Razmabjshkakan kentron.00_02_50_11.Still019
  • Razmabjshkakan kentron.00_02_56_11.Still007
  • Razmabjshkakan kentron.00_02_52_22.Still020