«Հորս՝ պատերազմից վերադարձող բժշկի կերպարն ինձ ուղղորդեց դեպի ռազմական բժշկություն»

Տավուշի առանձին բժշկական ջոկատ կատարած մեր այցելության ընթացքում զրուցել ենք ԱԲՋ-ի բուժական բաժանմունքի բժիշկ-մաշկավեներաբան, բուժծառայության մայոր Արման Դարբինյանի հետ:

Արման Դարբինյանը ծննդով Շիրակի մարզի Արթիկ քաղաքից է: 2001 թվականին ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ: Ինտերնատուրան ավարտելուց հետո` 2008 թվականին, ծառայության է նշանակվել ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում՝ նախ որպես բուժկետի բժիշկ-մասնագետ, ապա՝ բուժկետի պետ, բուժծառայության պետ:

2013 թվականից հետբուհական կրթությունը շարունակել է կլինիկական օրդինատուրայում՝ ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնում: 2015 թվականի հոկտեմբերից էլ ծառայության է նշանակվել Տավուշի ԱԲՋ-ում:

– Պարո՛ն մայոր, Դուք ծնվել եք բժիշկների ընտանիքում: Վստահ եմ՝ այդ իրողությունն առանցքային դեր է ունեցել հետագայում զինվորական բժշկի դժվարին ու չափազանց պատասխանատու ճանապարհն ընտրելու առումով:

– Անշուշտ, այդպես է: Տատս մանկաբույժ էր, հայրս՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, հորեղբայրս՝ ատամնաբույժ, եղբայրս նույնպես ընտրել է բժշկի մասնագիտությունը: Ինքս էլ մանկուց երազել եմ բժիշկ դառնալու մասին և այլ ճանապարհ երբևէ չեմ պատկերացրել, անգամ չեմ մտածել:

Ինչ վերաբերում է զինվորական բժշկի մասնագիտությանը, այդ ընտրության հարցում մեծ դեր խաղաց Արցախյան ազատամարտը: Հայրս՝ Արբակ Դարբինյանը, 1992-1993 թվականներին՝ պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում, կամավոր մեկնել է Արցախ, 5-րդ բրիգադի կազմում մասնակցել հյուսիսային, հյուսիսարևելյան հատվածների (Մարտակերտ, Թալիշ, Մատաղիս) պաշտպանությանը, մարտական գործողություններին, որպես բժիշկ մասնագիտական պարտքն է կատարել մարտի դաշտում: Ես տասը տարեկան էի, անհամբեր սպասում էի, թե երբ պիտի հայրս տուն գա՝ զինվորական համազգեստով, զենքով, մորուքով… Հորս՝ հենց այդ՝ պատերազմից վերադարձող բժշկի կերպարն ինձ ուղղորդեց դեպի ռազմական բժշկություն: Ինքս տեսա, պատկերացրի, սիրեցի…

– Զինվորական բժշկի առաքելությունը, իսկապես, առանձնահատուկ է: Ծառայողական կենսագրության ամենաբարդ փուլերից մեկը, թերևս, զորային օղակում ծառայությունն է: Դուք ծառայել եք բավականին բարդ ու լարված տեղանքում, իսկ սահմանը, ասում են, կոփում է…

– Մարտական հերթապահություն իրականացնող զորամասում ծառայությունը, անշուշտ, տարբերվում է. այն առանձնահատուկ է իր խնդիրներով, դժվարություններով… Զինվորական բժշկի ծառայողական ճանապարհը, այո՛, դյուրին չէ, բայց հենց այդ դժվարություններն են ուղի հարթում հետագա ծառայությունը պատվով շարունակելու, խնդիրը պատշաճ կատարելուն միշտ պատրաստ լինելու համար:

– Պարո՛ն մայոր, հետաքրքիր է՝ ձմեռային ժամանակահատվածում հատկապես շարքային կազմի շրջանում մաշկային ո ՞ր հիվանդություններն են առավել հաճախ հանդիպում:

– Մաշկային հիվանդությունների համար առավել «նպաստավոր» են գարնանային և աշնանային ժամանակահատվածները: Դրանք հիմնականում ալերգիկ բնույթի մաշկային ցանավորումներն են, սնկային, ինչպես նաև թարախաբշտիկային հիվանդությունները:

– Անձնական հիգիենայի կանոններին անվերապահորեն հետևելը կարո՞ղ է կանխել թարախաբշտիկային հիվանդությունների առաջացումը…

– Հիմնականում՝ այո՛, սակայն մեծ դեր ունեն օրգանիզմի և հարուցիչի փոխհարաբերությունները. եթե օրգանիզմի դիմադրողականությունն ամուր է, այն կպայքարի հարուցիչի դեմ:

Պետք է նշեմ, որ զորամասերում հետևողականորեն իրականացվող բուժկանխարգելիչ միջոցառումների արդյունքում մաշկային որոշ հիվանդություններ նահանջում են:

Կառանձնացնեի նաև կորյակային հիվանդությունը: Ինչպես հայտնի է, այն տարիքային գործոնով է պայմանավորված, իսկ դրա դեմ պայքարն ամբողջ աշխարհում արդիական է: Աշխարհի մակարդակով այսօր էլ շարունակվում են ուսումնասիրությունները՝ հիվանդության պատճառներն առավել խորն ուսումնասիրելու, բուժման ավելի արդյունավետ մեթոդներ մշակելու նպատակով: Բավականին համառ, բուժմանը դժվար ենթարկվող հիվանդություն է, սակայն հնարավոր է ամբողջությամբ բուժել:

Հասմիկ Գյոզալյան