Գործում է զորակոչի ընթացքում դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովը

2017 թվականի առաջին՝ ձմեռային զորակոչի մեկնարկին զուգահեռ իր աշխատանքներն է սկսել նաև ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծված 2017 թ.-ի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովը:

Հունվարի 12-ին տեղի ունեցավ հանձնաժողովի հերթական նիստը: Այս զորակոչի ընթացքում ևս հանձնաժողովի աշխատանքային գրաֆիկը բավականին հագեցած է. դիմում-բողոքների թիվն արդեն մի քանի տասնյակի է հասնում. դրանք կքննարկվեն առաջիկա նիստերի ընթացքում:

Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի ղեկավարությամբ գործող հանձնաժողովի (ի դեպ, այն գործում է 2009 թվականից ի վեր՝ բոլոր զորակոչերի ընթացքում, և 2017 թ.-ի ձմեռային զորակոչը 15-րդն է) գործունեությունը խիստ նպատակային է՝ միտված զինված ուժերի համալրման գործընթացն առավել թափանցիկ և օրինական դարձնելուն:

Հանձնաժողովը, լինելով յուրահատուկ կամուրջ հասարակության և զորակոչային մարմինների միջև, ընդունում, քննարկում, վերլուծում է զորակոչիկների և նրանց հարազատների գանգատները, խնդիրները (որոնք, ի դեպ, առավել հաճախ առողջական են) և մատնանշում դրանց լուծման ուղիները: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը լիազորություն ունի միջնորդություններ ներկայացնելու զորակոչային մարմիններին. օրինակ՝ կրկնակի բժշկական հետազոտություն անցկացնելու, զինվորական ծառայությանը պիտանի ճանաչելու հարցը քննության առնելու և այլ խնդիրների առնչությամբ:

Հ.Գ.: 2017 թվականի ձմեռային զորակոչն ընթացքի մեջ է, և դեռևս վաղ է հստակ վիճակագրություն ներկայացնելու համար: Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքների մասին առավել ծավալուն անդրադարձ կներկայացնենք զորակոչի ավարտին՝ հանձնաժողովի աշխատանքների ամփոփումից հետո:

Հասմիկ Գյոզալյան