Ծերության «սահմանը» ետ է մղվելու

starost

Դեմոգրաֆիկ ավանդական պատկերացումները որպես ծերության «սահման» ընդունում են 65 տարեկանը: Սակայն վերջերս միջազգային գիտահետազոտական ինստիտուտների կողմից հրապարակվել է մի տեսություն, համաձայն որի՝ ծերության չափորոշիչները մեր ժամանակներում անխուսափելիորեն փոխվելու են, և ծերության «սահմանը» ետ է մղվելու:

Այս տեսակետն արմատապես փոխում է մինչ այսօր գոյություն ունեցող դեմոգրաֆիկ կանխատեսումները: Երկիր մոլորակի բնակչությունը շարունակում է ծերանալ. պատերազմներին և  բնական աղետներին զուգահեռ՝ բնակիչների կյանքի միջին տևողությունը շարունակում է երկարել, իսկ ծնելիությունը նվազում է: Այս հիմնախնդիրը լուրջ մտահոգություն է ամբողջ աշխարհի համար, քանի որ բնակչության ծերանալու հետևանքով, ինչպես նշում են փորձագետները,  մեծանում է Երկիր մոլորակի յուրաքանչյուր աշխատող քաղաքացու տնտեսապես ծանրաբեռնվածությունը: Միևնույն ժամանակ բազմաթիվ երկրներում, տարիքային խտրականությամբ պայմանավորված, նախաթոշակային տարիքի  անձինք (հատկապես 40-45 տարեկանից հետո) աշխատանք գտնել գրեթե չեն կարողանում:

Այսօր դեմոգրաֆիկ տվյալներով՝ Երկրի բնակչության մոտավորապես

20 %-ից ավելին  անաշխատունակ անչափահասներն են,

65 %-ը ՝ աշխատունակ չափահասները,

15 %-ը՝ անաշխատունակ տարեցները:

ՄԱԿ-ի կանխատեսումներով՝  2050 թ. բնակչության 22%-ը  կկազմեն թոշակառուները: Եվ առաջավոր երկրներում յուրաքանչյուր աշխատող քաղաքացու «բաժին կհասնի» առնվազն մեկ թոշակառու:

Իսկ ինչպիսի՞ն էր պատկերը նախորդող տարիների ընթացքում:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին 100-ամյակում Երկրի՝ 60 տարեկանից բարձր բնակիչների թիվը կազմել է՝

1950 թ. – 205 միլիոն,

2000 թ. – 600 միլիոն,

2009 թ. – 737 միլիոն,

2050 թ. կհասնի մոտավորապես 2 միլիարդի:

Սակայն չենք կարող չնշել, որ մյուս կողմից դեմոգրաֆիկ հաշվումների նոր մեթոդները նաև հետաքրքիր պարադոքս են արձանագրում. կյանքի որակի և տևողության բարձրացման հետևանքով առաջավոր երկրներում  մեծահասակների թիվը բնակչության մեջ շարունակում է աճել, իսկ դեռևս զարգացող երկրներում կյանքի ցածր տևողությունը (պայմանավորված տարբեր գործոններով) լրացվում է բարձր ծնելիությամբ: