Ամիրդովլաթ Ամասիացին՝ ժամանակի ամենանշանավոր բժիշկ-գիտնականը

Հայ  բժշկապետ, բնագետ, մատենագիր, բառարանագիր Ամիրդովլաթ Ամասիացին եղել է Կոստանդնուպոլիսը գրաված և բյուզանդական կայսրությանը վերջ դրած օսմանյան  սուլթան Մահմեդ Երկրորդի անձնական բժիշկը, վիրաբույժն ու ակնաբույժը:

Նա վայելել է սուլթանի հովանավորչությունը և վստահությունը, միևնույն ժամանակ՝  բազմաթիվ թշնամիներ, չարախոսներ  ունեցել հենց կայսերական պալատում, Բարձր դռանը: Լինելով հայ և քրիստոնյա՝ Ամիրդովլաթ Ամասիացին  «արժանացել» էր մահմեդական բժիշկների նախանձին ու ատելությանը, և վերջիններս,  շարունակ բանսարկություններ նյութելով,  փորձել են հայ բժշկապետին հեռացնել ասպարեզից: Ի վերջո, հայ բժիշկը արտաքսվել է սուլթանական պալատից և շուրջ 10 տարի անցկացրել Բալկաններում (ներկայիս Բուլղարիայի տարածքում): Տասը տարի անց միայն նրան վերադարձրել են  աքսորից: Եվ նա պատվավոր ընդունելության է արժանացել սուլթանի պալատում՝  կրկին ստանձնելով օսմանյան սուլթանի անձնական բժշկի պաշտոնը:  

Ամիրդովլաթ Ամասիացին ժամանակի ամենանշանավոր բժիշկ-գիտնականն էր, և անհնար էր չընդունել այս փաստը՝ որպես ճշմարիտ, անհերքելի  իրողություն:

«Ուսումն բժշկության» աշխատության մեջ նա վերլուծել է Հիպոկրատի, Գաղիանոսի, Իբն Սինայի, Առ-Ռազիի աշխատությունները, հատուկ ուշադրություն դարձրել մարդակազմության, սաղմնաբանության և հիգիենայի խնդիրներին, ներկայացնելով իր  ուսումնասիրությունների արդյունքները ՝  մանրամասն անդրադարձելնաև դեղագործությանը:

«Օգուտ բժշկության» երկում  նկարագրել է  քաղցկեղը, ինչպես նաև ներքին օրգանների ավելի քան երկու հարյուր հիվանդություններ և դրանց բուժման հնարավոր եղանակները:

«Ախրապատին»  գրքում բժշկապետը  ներկայացրել է դեղամիջոցների՝  իր կազմած բառարանները, որոնք  արժեքավոր ժառանգություն են համարվում համաշխարհային բժշկագիտության պատմության մեջ:

«Անգիտաց անպէտը» դեղագործական և բժշկական հանրագիտարանում, որի  առաջին ձեռագիրը գտնվում է Բրիտանական թանգարանում, Ամիրդովլաթ Ամասիացին նշել է 3500-ից ավելի բուժիչ միջոցների անվանումներ, օգտակար բույսերի հատկությունները, դրանց կառուցվածքը և ազդեցությունը օրգանիզմի վրա:  Ընդ որում, գերազանց տիրապետելով թուրքերենին, արաբերենին, պարսկերենին, լատիներենին, հունարենին՝ այդ  դեղանունները գրել է հինգ լեզուներով` հայերեն, հունարեն, լատիներեն, պարսկերեն, արաբերեն: Հարկ է հավելել, որ այս աշխատությունը կազմվել է ոչ թե բանահավաքչությամբ, այլ այն բժշկապետի տքնաջան ուսումնասիրությունների, աշխատանքների և փորձի արդյունքն է:

Ամիրդովլաթ Ամասիացին մի ամբողջ բժշկական դպրոց է հիմնել Հայաստանում, նրա ուսմունքը տարածվել է կայսրության սահմաններից դուրս, և դարի նշանավոր բժիշկներից շատերը  հենց նրան են իրենց ուսուցիչը անվանել:

Ինչպես վկայել են ժամանակագիրները, Ամիրդովլաթ Ամասիացին նաև հին ձեռագրերի սիրահար էր և  իր դեգերումների ժամանակ բազմաթիվ ձեռագրեր է փրկելկործանումից, հավաքել, վերարտադրել: