Բժիշկները փորձում են ախտորոշել առեղծվածային հիվանդությունը

 

ՌԴ Պերվոուրալսկ քաղաքի փոքրիկ բնակչուհու՝  Անյա Մետելկինայի հիվանդությունն անլուծելի թվացող առեղծված է դարձել բժիշկների համար:

Փոքրիկ աղջիկը  կարող է  քնել…  մի քանի օր, մինչև անգամ մեկ շաբաթ: Անյան առաջին անգամ երկարատև քուն է մտել, երբ 6 ամսական էր: Աղջիկն այսօր մեկուկես տարեկան է,  և արդեն մեկ տարուց ավելի է՝ գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո:

Երեխային արթնացնելու  փորձերը դատապարտված են ձախողման: Քնի ընթացքում նրա օրգանիզմում դանդաղում են բոլոր գործընթացները, այդ թվում՝ շնչառությունը և սրտի աշխատանքը: Արթնանալուց հետո երբեմն նկատվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ձեռքերի դող, սակայն երեխան բավականին ակտիվ է ու շարժուն:

Մասնագետներն ի սկզբանե նշել են, որ խոսքը ոչ թե կոմայի, այդ երկարատև քնի մասին է:  Նախ ախտորոշել են  էնցեֆալոպաթիա, մենինգիտ, էպիլեպսիա, քնած գեղեցկուհու սինդրոմ, սակայն բազմաթիվ հետազոտությունների արդյունքում նշված բոլոր հիվանդությունները հերքվել են:

Անյայի հիվանդությամբ հետաքրքրված են ոչ միայն ռուս, այլև գերմանացի մասնագետները, սակայն  հիվանդությունը եզակի է, և բժիշկները դեռևս դժվարանում են  հստակ ախտորոշել այն:

Վերջին շրջանում աղջկա ծնողների հետ կապ են հաստատել  Սթենֆորդի համալսարանի մասնագետները՝ նշելով, որ Անյայի հիվանդությունը գիտական հետաքրքրություն է ներկայացնում իրենց համար, և առաջարկել են նոր հետազոտություններ կատարել:  Երիտասարդ ծնողներն անհամբեր սպասում են նոր հետազոտությունների արդյունքներին, իսկ մինչ այդ շարունակում են տագնապով հետևել, թե հերթական անգամ քնելուց հետո երեխան երբ է արթնանալու…

Փոքրիկը չի էլ կռահում՝  ինչպիսի բարդ խնդիր է առաջադրել  բժիշկներին, իսկ ծնողները լիահույս են, որ մասնագետները  կկարողանան ախտորոշել հիվանդությունը և բուժել երեխային:  Նրանք այդ հավատով են ապրում: