Առողջ զինվոր՝ մարտունակ բանակ

Զրույց ՀՀ  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ

-Պարոն  Նախարար,  բանակին սատարող, բանակի  բացթողումներն ու թերությունները  քննադատող  հասարակական  կազմակերպությունների  թիվն  ավելացավ  ևս  մեկով.  իր  գործունեությունն  է  սկսել « Զինվորական բժիշկների  հայկական  ասոցիացիա» հասարակական  կազմակերպությունը: Այն  արդեն ունի  իր  ինտերներային  կայքը,  տպագրում  է իր  եռալեզու  պարբերականի  առաջին  համարը,  մի  քանի  օրից պաշտպանության  նախարարության  հետ  համատեղ  կիրականացնի  իր  մեծածավալ  նախաձեռնություններից  մեկը՝  «Ռազմական բժշկության  արդի  հիմնախնդիրները¦միջազգային գիտաժողովը:  Ի՞նչ  սպասելիքներ  ունենք  այս   նորաստեղծ  հասարակական  կազմակերպությունից:

– Նախ  ուզում  եմ  շնորհավորել «Զինվորական  բժիշկների  հայկական  ասոցիացիայի» նորամուտը  և  մաղթել  բեղուն բանակաշեն  և  ազգաշահ  գործունեություն: Ես միշտ  էլ  ողջունել  եմ բանակին  առնչվող այն հասարակական  կազմակերպությունների  գործունեությունը, որոնք  իրենց  կառուցողական  աշխատանքով  նպաստել  են  ներբանակային հիմնախնդիրների լուծմանը:Մենք  երբեք  չենք  խուսափել  քննադատություն լսելուց՝ համարելով,  որ  առողջ  քննադատությունը  զարգացման,  առաջընթացի  կարևոր  պայմաններից  մեկն  է:Ինչ  վերաբերում  է «Զինվորական  բժիշկների  հայկական  ասոցիացիային», այն  փոքր-ինչ  տարբերվում է մյուս  հասարակական  կազմակերպություններից,  որովհետև  ունի մասնագիտական  ուղղվածություն, համախմբում  է  ինչպես  քաղաքացիական, այնպես  էլ  ռազմական  բժիշկներին և  իր  ջանքերն  ուղղում  ռազմական բժշկության  ոլորտը  բարեփոխելու  և  կատարելագործելու  նպատակին: Ես  ծանոթ  եմ կազմակերպության  ծրագրերին, դրանք  շատ հավակնոտ  են և իրագործելու  համար  մեծ  աշխատանք,  եռանդ  ու նվիրում  են պահանջելու: Գովելի  է,  որ հասարակական  կազմակերպության  խորհրդի  կազմում  ընդգրկված  են հանրապետության լավագույն  բժիշկ -մասնագետները,  որոնք  կարող  են  մեծ  աջակցություն  ցույց  տալ  բանակի  բուժ ծառայությանը,  խթանել նրա  առաջընթացը: Զինվորական բժիշկները  քաղաքացիական  բուժ-հիմնարկներում  աշխատող իրենց  գործընկերների  հետ  միավորվելով  միևնույն հասարակական  կազմակերպության մեջ,  կունենան ևս  մեկ  ամբիոն   բարձրաձայնելու իրենց  խնդիրների  մասին, քննարկելու  իրենց  հուզող  հարցերը, շփվելու, բանավիճելու, որոնելու  հիմնախնդիրների  լուծման արդյունավետ ուղիներ:
-Պարոն նախարար, զարգացման ի՞նչ փուլեր է անցել ռազմական բժշկությունը Հայաստանում և ինչ հանգրվանի է հասել այսօր:  

-Ըստ էության, ռազմական բժշկությունն սկսել է ձևավորվել ազգային բանակի կազմավորումից առաջ, ազատագրական պայքարի օրերին, երբ բժիշկ-կամավորականները մեկնում էին ճակատ։ Նրանք անդամագրվում էին ազատագրական ջոկատներին և զինվորներին ու ռազմիկներին օգնելու համար օգտագործում էին բոլոր հնարավորությունները։

Երբ պաշտպանության նախարարի հրամանով 1992-ին ստեղծվեց զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունը, սկսվեց կառույցի ձևավորման գործընթացը։Սկզբնական շրջանում Զինված ուժերի բուժապահովումը իրականացվում էր հիմնականում քաղաքացիական բուժհիմնարկների միջոցով, և ռազմաբժշկական կառույցը համալրվում էր քաղաքացիական բուժհիմնարկների բժիշկներով։ Դա նվիրումի ու խանդավառության շրջան էր, երբ չկար կանոնավորված աշխատանք, ու հայրենանվեր մարդկանց մի խումբ գերմարդկային ջանքերի շնորհիվ փորձում էր բուժսպասարկում ապահովել զորքերում և ձևավորել ռազմաբժշկական ծառայությունը։ Այդ տարիներին սկսվեց ծառայությունը կանոնակարգող օրենքների և հրամանների մշակման գործընթացը։ Հետագայում իրականցվեց ռազմաբժշկական ծառայության համալիր ծրագիր, որը ներառում էր մի շարք գլոբալ միջոցառումներ, ինչպիսիք էին բուժծառայության շենքային պայմանների բարելավումը (բուժկետերի շինարարություն, կապիտալ վերանորոգում), բուժծառայության տեխնիկական վերազինում (ներդրվեցին շարժական ֆլուրոգրաֆներ, վերակենդանացման և անզգայացման նոր սարքեր, ռեանիմոբիլներ, սանավիացիա), ստեղծվեցին ճառագայթային ախտորոշման բաժիններ, վերազինվեց ախտորոշման կենտրոնը։ Իրականացվեցին բուժկանխարգելիչ աշխատանքներ, սկսվեց պայքարը կառավարվող ինֆեկցիաների դեմ։ Այդ շրջանի կարևոր ձեռքբերումներից էր տուբերկուլյոզի դեմ պայքարում ձեռքբերված հաջողությունները և ատիպիկ թոքաբորբի կանխարգելումը և բուժումը։ Այդ շրջանը բնորոշվում է նաև կադրային արդյունավետ քաղաքականությամբ և բուժծառայության կառուցվածքի բարելավումով։
Հաջորդող ժամանակահատվածը բուժծառայության շարունակական և հավասարաչափ զարգացման շրջան էր, երբ տեխնիկական վերազինումը զուգորդվում էր բժիշկների մասնագիտական գիտելիքների բարձրացման հետ, երբ շենքային պայմանների բարելավումը անմիջականորեն  փոխում էր բուժծառայության բովանդակությունը՝ շեշտը դնելով հիվանդության նախադրյալների վերացման և կանխարգելիչ աշխատանքների վրա։
Այսօր արդեն զինակոչիկները ստանում են կանխարգելիչ պատվաստումներ 9 հիվանդությունների դեմ, որի արդյունքում՝ բանակում գրեթե վերացել են կառավարելի ինֆեկցիաները, ինչպիսիք են հեպատիտը, կարմրուկը, կարմրախտը, մինինգիտը և այլն։
-Կխնդրեի, որ խոսեք նաև ռազմաբժշկական ոլորտում իրականացված նպատակային ծրագրերի մասին:
-Մենք խնդիր ունեինք բուժծառայության բոլոր օղակների և ստորաբաժանումների շենքային պայմանները համապատասխանեցնելու որոշակի չափանիշների։ Ծրագրում ընդգրկված էին ինչպես զորամասերի բուժկետերը, այնպես էլ հոսպիտալային օղակները։ Կառուցեցինք նոր շենքեր, հիմնովին վերանորոգեցինք բոլոր այն կառույցները, որոնք չէին համապատասխանում սահմանված չափորոշիչներին։ Եթե նախկինում շքեղ կառույցների կողքին կարող էինք հանդիպել անբարեկարգ շինությունների, հետագայում այդ էական տարբերությունը գրեթե վերացվեց, և արձանագրվեց բուժծառայության շենքային պայմանների նոր որակ ամբողջ բանակի համար։ Ծրագրի շրջանակում ընդգրկված էր նաև բանակի բուժծառայության բոլոր ստորաբաժանումները համապատասխան կադրերով համալրելու խնդիրը։ Մեր ուշադրության կենտրոնում էին հատկապես զորամասային օղակները։ Մեր կադրերը սկսեցին վերապատրաստվել արտերկրում։ Բանակի բուժծառայության տեխնիկական վերազինումը ծրագրի հենքային խնդիրներից էր։ Բուժծառայության բոլոր օղակները ապահովվեցին անհրաժեշտ ժամանակակից բուժսարքավորումներով, ինչը բանակի բուժսպասարկումը բարձրացրեց նոր մակարդակի։
Մենք բլինդաժներից զինվորներին տեղափոխեցինք կացարաններ, որոնք խոնավ չեն, տաքացվում են և ունեն օդը մաքրող համակարգ։ Սկսեցինք զինվորներին տալ վիտամինացված սնունդ։
Սկսվել է շրջադարձային բարենորոգումների ժամանակաշրջանը՝ գիտատեխնիկական առաջընթացի, որակական զարգացման նոր փուլ, որն ընդգրկում է բուժծառայության բոլոր ուղղություններն ու կառույցները։ ։Այսօր ռազմաբժշկական կառույցում աշխատում են բժշկական գիտությունների  դոկտորներ, 3 տասնյակից ավելի  բժշկական գիտությունների թեկնածուներ, պատրաստվում են բազմաթիվ  դոկտորական և  թեկնածուական թեզեր։ Ռազմաբժշկական վնասվածքների և հրազենային վերքերի բուժման վերաբերյալ մեր բժիշկների ձեռքբերումները հետաքրքրություն են առաջացրել նաև եվրոպական երկրներում։ Ռազմական բժշկական ծառայությունը հաջողությամբ համագործակցում է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Գերմանիան, , Ռուսաստանի Դաշնությունը, Հունաստանը, Չինաստանը, Բելառուսը։
-Զինվորին բարձրորակ եւ արդյունավետ բուժօգնություն ցուցաբերելը, ինչ խոսք, կարեւոր է, բայց առավել էական է, որ ստեղծվեն համապատասխան նախադրյալներ, որ զինվորը պարզապես չհիվանդանա։ Ես ցանկանում եմ, որ խոսենք  զինվորի առողջության պահպանման խնդիրներից։
-Առողջ զինվորը մարտունակ բանակի առաջին գրավականն է: Առողջ զինվոր ունենալու նախադրյալները ձեւավորվում են դեռեւս քաղաքացիական կյանքից, նախազորակոչային շրջանից։ Այն, որ այսօր իջեցվել է նախազորակոչային տարիքի շեմը եւ համապատասխան հրամանով հանձնարարություն է տրվել տարածքային պոլիկլինիկաներին 13-14 տարեկանից սկսած` զինակոչիկներին պարբերաբար ենթարկել բուժզննման, հայտնաբերել հիվանդությունները եւ իրականացնել համապատասխան բուժսպասարկում, արդեն բանակում առողջ զինվոր ունենալու կարեւոր նախադրյալ է։
Հաջորդ նախադրյալը բանակ հիվանդ զինվորների մուտքը արգելող լծակների հստակեցումն է եւ արդյունավետ գործունեությունը։ Այստեղ էլ մենք էական հաջողություններ ենք արձանագրել։ Զինվորական բժիշկներով համալրված հանձնաժողովը, ըստ իս, իր աշխատանքը կատարում է  բարեխղճությամբ, ամենաչնչին գանգատի եւ կասկածի ժամանակ զինակոչիկը ենթարկվում է լրացուցիչ հետազոտության, արդյունքում՝ վերջին տարիներին կտրուկ նվազել է հիվանդ զինակոչիկների մուտքը բանակ, վրիպումները հատուկենտ են։ Հիվանդության հետեւանքով մահվան դեպքերը վերջին տարիների ընթացքում էապես կրճատվել են։
-Որո՞նք են բուժծառայության խոցելի  օղակները։
-Մենք պետք է բարձրացնենք կրթության մակարդակը ռազմական բժիշկների պատրաստման գործնթացում եւ ապահովենք պայմանագրային հիմունքով ծառայող բժիշկների ներհոսքը բանակ։ Պետք է ուշադրություն դարձնենք հատկապես զորամասային օղակի բուժծառայությանը եւ ծայրամասային հոսպիտալներին։
Բանակը առողջ զինվորներով համալրելու խնդիրը ավելի հեշտ կլուծենք, եթե նախազորակոչային փուլում ապագա զինվորների բուժհետազոտման աշխատանքները լինեն կանոնակարգված եւ ախտորոշումից բացի, անհրաժեշտության դեպքում իրականացվի նաեւ համապատասխան բուժսպասարկում։
-Պարոն նախարար, շնորհակալ եմ շահեկան զրույցի համար:
Գայանե Պողոսյան