Մեկնարկեց «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովը

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկեց ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» համատեղ ուժերով կազմակերպված «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով առաջին միջազգային գիտաժողովը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Հունաստանի, Ֆրանսիայի, Բելառուսի, Գերմանիայի ռազմաբժշկական ոլորտի ճանաչված մասնագետներ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին՝ նշեց, որ գիտաժողովը հիանալի հնարավորություն է ընձեռում ոլորտի մասնագետներին՝ ռազմական բժշկության արդի հիմնախնդիրների շուրջ մասնագիտական և գիտական քննարկումներ անցկացնելու համար: Նախարարը կարևորեց արտասահմանից ժամանած մասնագետների մասնակցությունը գիտաժողովին.
«Ռազմական բժշկության համակարգի զարգացումը և շարունակական արդիականացումը պաշտպանական բարեփոխումների առաջնահերթ խնդիրներից մեկն է և մշտապես գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության ուշադրության ներքո: Այս ուղղությամբ պաշտպանության նախարարությունը սերտ համագործակցություն է իրականացնում դաշնակից և գործընկեր երկրների համապատասխան ծառայությունների հետ՝ փորձի փոխանակման, համատեղ ռազմաբժշկական զորավարժությունների ու գիտաժողովների անցկացման, մասնագիտական վերապատրաստման, փոխգործունակ բժշկական կարողությունների զարգացման, ինչպես նաև արդի մարտահրավերներին բժշկական ծառայությունների մոտեցումների և գործելաոճի համապատասխանեցմանն ուղղված հարցերի շրջանակներում: Այս գործում մեզ աջակցում են նաև ոլորտի հասարակական կազմակերպությունները՝ հանձին նորաստեղծ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի», որի աշխատանքն ուղղված է ինչպես ռազմաբժշկական ծառայության հայեցակարգային հիմքերի կատարելագործմանը, այնպես էլ ռազմական բժիշկների մասնագիտական և սոցիալ-իրավական հարցերով աջակցությանը»,- նշեց նախարարը, ապա հավելեց.
«Ռազմաբժշական ոլորտի զարգացման գործում մեր նպատակն է ստեղծել լիարժեք և որակյալ, բժշկության արդի ձեռքբերումնների վրա հիմնված բուժապահովման համակարգ՝ սկսած զորամասային օղակից, այսինքն՝ առաջին բուժօգնության ցուցաբերումից մինչև հոսպիտալային օղակ: Ընդ որում՝ արդիական բուժապահովման համակարգի ստեղծման համար հավասարապես կարևոր են և՛ մասնագիտական պատրաստվածությունը, և՛ տեխնիկական, տեխնոլոգիական հագեցվածությունը»:
Նախարարն ընդգծեց, որ ռազմական բժշկությունը դիտարկում է ոչ միայն զինծառայողների առողջության ապահովման, այլև ԶՈւ մարտական պատրաստականության և բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովման տեսանկյունից:
«Կարծում եմ՝ յուրաքանչյուր զինծառայող, սպա և զինվոր պետք է վստահ լինի, որ ցանկացած պահի և ցանկացած պայմաններում՝ լինի ուսումնական գործընթացում, թե՛ մարտական գործողությունների ընթացքում, ինքը կստանա արագ և որակյալ բժշկական սպասարկում: Հատկապես մարտի բռնվելիս յուրաքանչյուր զինծառայող պետք է հավատա, որ ինչպիսի վիրավորում էլ ստանա, միևնույն է՝ լիարժեքորեն վերականգնվելու է»:
«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Ռուզաննա Խաչատրյանը ևս կարևորեց միջազգային գիտաժողովի անցկացումը.
«ՀՀ ԶՈւ առողջապահության պատմության մեջ առաջին անգամ է կազմակերպվում այս բնույթի միջազգային գիտաժողով, որը համախմբել է աշխարհի մի շարք զարգացած երկրների՝ Հունաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի Դաշնության ռազմական առողջապահական համակարգի բարձր սպայական կազմին: Նրանք զեկույցներով են հանդես գալիս՝ ներկայացնելով իրենց երկրների ռազմական առողջապահության մոդելը, բարձրացվում են կլինիկական առողջապահական խնդիրներ, կազմակերպվում են քննարկումներ՝ ժամանակակից մոտեցումների և գիտական նորույթների շուրջ»:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Անդրադառնալով ռազմական բժշկության պատմությանը՝ նախարարը հիշեցրեց, որ այն որպես մասնագիտություն՝ ձևավորվել է Հայոց բանակի կայացման դժվարին օրերին: Իսկ Արցախյան գոյապայքարի տարիներին որպես ռազմական բժիշկներ՝ իրենց աշխատանքային պարտքն են կատարել բժշկական համալսարանի տարբեր ֆակուլտետների շրջանավարտներ:
«Արդեն 1994 թվականին հիմնադրվեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը: 20-ամյա ֆակուլտետն այսօր կրթում է բանիմաց զինվորական բժիշկների, ովքեր պայքարում են հայրենիքի սահմանն անառիկ պահող յուրքանչյուր զինվորի առողջության համար: Ռազմական բժշկությունը մեր երկրի առողջապահական համակարգի կարևոր մասն է»:
Առողջապահության նախարարը կարևորեց «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» գործունեությունը.
«Արդեն շուրջ կես տարվա կենսագրություն ունեցող այս հասարակական կառույցը կարևորագույն նպատակ է դրել իր առջև՝ արդիականացնել և զարգացնել ռազմական առողջապահությունը: Ասոցիացիայի գործունեությունը նպաստում է նաև ռազմական բժշկության գիտական կողմի զարգացմանը՝ հնարավորություն ընձեռելով ոլորտի ներկայացուցիչներին ակտիվ գործունեություն ծավալել նաև գիտության ոլորտում»:
Ողջույնի խոսք ասաց նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ով ևս իր հերթին կարևորեց գիտաժողովի անցկացումը՝ հույս հայտնելով, որ այն կծառայի իր նպատակին:
«Այսօր ԱԻՆ-ում գործում է աղետների բժշկությունը: Դա զինվորական բժշկության հիմնական ճյուղերից մեկն է: Այստեղ մենք համագործակցում ենք ինչպես պաշտպանության, առողջապահության նախարարությունների, այնպես էլ միջազգային ՀԿ-ների հետ: Մեր շվեյցարացի գործընկերների հետ կարողացել ենք վերապատրաստել 600 բժիշկների, որոնք արդեն լիարժեքորեն տիրապետում են մասնագիտական հմտությունների և կարող են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները»,-ասաց Արմեն Երիցյանը:
Ռազմաբժշկական ծառայության կայացման և հետագա տարիների զարգացումների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ վաստակաշատ պրոֆեսոր, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Բենիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ռազմաբժշկական ծառայության անցած ճանապարհին և ներկայացնելով այդ ճանապարհի երեք փուլերը:
Այնուհետև ցուցադրվեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության «Կյանքի և մահվան սահմանում» ֆիլմը:
Գիտողովի կարևորությանն ու ակնկալիքներին լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը.
«Հիմնական ակնկալիքը փորձի փոխանակումն է: Մենք ունենք հրավիրված մասնագետներ արտասահմանից, ովքեր զեկույցներով են հանդես գալիս: Գիտաժողովի խնդիրը մեկ դահլիճում հայ զինվորական բժշկի համագործակցությունն է տարբեր երկրների ներկայացուցիչների հետ: Ողջունելի միջոցառում է և իր ծավալներով առաջինն է Հայաստանի հանրապետության պատմության մեջ»:
Ինչ վերաբերում է ոլորտի առջև ծառացած խնդիրներին՝ պարոն Խաչատրյանը նշեց.
«Մենք ունենք պատերազմական մեծ փորձ: Ես երեկ հանդիպել եմ Բելառուսի բուժվարչության պետին, մեր փորձով հիացած են: Այսօր ունենք հիանալի կառույցներ, սակայն դա մեզ չի բավականացնում, ձգտում ենք ունենալ ավելի պրոֆեսիոնալ, ժամանակակից բուժծառայություն՝ արագաշարժ, բանիմաց, համալրված ժամանակի լավագույն բժշկական միջոցներով՝ բժշկական և շարժական, ինչպես նաև նպատակ ունենք նոր բաժանմունքներ ստեղծել կենտրոնական և կայազորային և հոսպիտալներում»:
«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Ռուզաննա Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում խոսեց ասոցիացիայի առաքելության և խնդիրների մասին.
«Մեր կազմը հիմանկանում համալրված է զինվորական, քաղաքացիական և ուժային կառույցների բժիշկներով: Ասոցիացիայի նպատակն է համախմբել բժիշկներին, հնարավորություն ընձեռել ոչ աշխատանքային պայմաններում մտքերի փոխանակման և կառուցողական գործունեություն իրականացնել՝ ի նպաստ մեր ԶՈւ առողջապահական համակարգի զարգացմանը: Բանակի ստեղծման օրվանից բազմաթիվ հասարակական կազմակերպություններ իրենց կառուցողական մոտեցումներով շատ կարևոր նշանակություն են ունեցել այս կամ այն խնդրի լուծման հարցում, սակայն, կարծեք թե առողջապահական համակարգի այսպես կոչված՝ մասնագիտական հասարակական կազմակերպություն չկար՝ սատարելու ԶՈւ առողջապահական համակարգին և կարելի է ասել, որ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» ստեղծումը սպասված էր: Ասոցիացիան նպատակ ունի աջակցել բանակի ռազմաբժշկական կառույցի բարեփոխումների գործընթացին և ինտեգրվել աշխարհի ժամանակակից զինվորական առողջապահական կառույցներին»:
Ինչ վերաբերում է ռազմական առողջապահական համակարգի առջև ծառացած մարտահրավերներին, Ռուզաննա Խաչատրյանի խոսքով՝
«Ռազմական առողջապահական համակարգը պատերազմից սկսած անցել է զարգացման փուլեր, և այս փուլում շատ կարևոր է ժամանակակից մարտահրավերներին դիմակայելը և ավելի օպերատիվ բուժօգնության կազմակերպումը առաջին գծում: Կարևոր է նաև տարանջատել խաղաղ ժամանակաշրջանում ռազմական առողջապահության կազմակերպման առանձնահատկությունները, կարևորել զինվորի, սպայի և նրա ընտանիքի առողջության խնդիրները, ինչպես նաև նոր մեթոդներով բարելավել առողջապահական մոդելը»:
Գիտաժողովի գիտական մասում զեկույցներով հանդես եկան ՀՀ, ԼՂՀ և արտերկրից ժամանած ռազմաբժշկական ոլորտի մասնագետներ:
Հասմիկ Գյոզալյան