Սեյրան Օհանյանն ընդունեց «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով գիտաժողովի մասնակիցներին

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունեց նախօրեին մեկնարկած «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներին` Հայաստանի Հանրապետության, ԼՂՀ –ի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Հունաստանի, Ֆրանսիայի,  Բելառուսի, Գերմանիայի ռազմաբժշկական ոլորտի ճանաչված մասնագետներին: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, խոսելով գիտաժողովի առաջին օրը հնչած զեկույցների եւ քննարկումների, ինչպես նաեւ այսօր ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անցկացված ցուցադրական մարտավարական-մասնագիտական զորավարժության արդյունավետության մասին, նկատեց, որ այս գիտաժողովը Երեւանում համախմբեց միջազգային մակարդակի շատ մասնագետների` մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնելով ներկաներին:  «Գիտաժողովի թեմատիկ հագեցվածությունը, կայացած քննարկումների եւ դրանցում արծարծված հիմնախնդիրների լայն շրջանակը հուշում են, որ այն հասել է իր գլխավոր նպատակին. խթանել է տարբեր երկրների մասնագետների միջեւ մասնագիտական երկխոսությունը եւ նաեւ նշել հետագա համագործակցության ուղիները: ՀՀ Զինված ուժերի համար առաջնային հետաքրքրություն է ներկայացնում գործընկեր եւ դաշնակից երկրների ռազմաբժշկական համակարգերի անցած ուղին, դրանց առաջավոր փորձը, շարունակական զարգացման ուղենիշերը: Համոզված եմ, որ հենց այդ փորձի ուսումնասիրության, մեր սեփական փորձի հետ տեղայնացման, ինչպես նաեւ մասնագիտական գիտելիքների շարունակական հարստացման արդյունքում մենք կարող ենք արձանագրել Հայաստանի ռազմական բժշկության զարգացման ուղիները: Մեզ համար անչափ կարեւոր է, որ ռազմաբժշկության կայացման եւ հետագա ընթացքի որոշումների ընդունման ժամանակ մեր կողքին են մեր հյուրերը »,- նշեց նախարարը` մեկ անգամ եւս շեշտելով համագործակցության կարեւորությունը: ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը, վարչության անունից շնորհակալություն հայտնելով ներկաներին, ընդգծեց, որ գիտագործնական բնույթի աշխատանքներն էականորեն ազդում են ռազմական բժշկության` գիտական առումով հիմնավորված եւ գործնականում կիրառելի որակական կատարելագործման վրա: Ամփոփման փուլում Կամավոր Խաչատրյանը խոսեց հիմնական արդյունքների մասին` նախանշելով նաեւ ռազմաբժշկական համակարգի զարգացման գործում առաջիկա անելիքները. «Պաշպանության ոլորտի բժշկական ծառայության առջեւ, նախեւառաջ, դրվում է հետեւյալ կարեւոր խնդիրը. ձեւավորել համակարգ, որի նպատակը պետք է լինի ապահովել նախազորակոչային եւ զորակոչային տարիքի պատանիների առողջության պահպանումը, հիվանդությունների կանխարգելումը, դիսպանսեր հսկողությունն ու ճիշտ կազմակերպված փորձաքննությունը: Զինվորական հոսպիտալների աշխատանքների կատարելագործման գերակա ոււղղություններն են ստացիոնար բուժօգնության վերակառուցումը` հաշվի առնելով առկա նյութական ռեսուրնսերը, բուժօգնության հետագա մասնագիտացումը` հիմնվելով մասնագիտացված բուժօգնության զարգացման նպատակային ծրագրերի վրա: Ինչպես նաեւ բուժական գործընթացում վերականգնողական բուժման դերի գերակայումը, ռազմաբժշկական հաստատությունների աշխատանքների հսկողության նոր մեխանիզմների մշակումը եւ աստիճանական ներդրումը…»: Կամավոր Խաչատրյանը ռազմական բժշկության կատարելագործման գործում կարեւորեց ինչպես արտասահմանյան, այնպես էլ Հայաստանի վաստակաշատ բժիշկների մասնակցությունը: Բ. գ. դ., պրոֆեսոր, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Բենիկ Հարությունյանը նշեց, որ գիտաժողովի շրջանակներում ռազմական բժշկության արդի խնդիրների շուրջ մտքերի փոխանակման, ինչպես նաեւ մասնակից երկրների ռազմաբժշկական ծառայություններում առկա լուծումներին ծանոթանալու հնարավորություններ ընձեռվեցին. «Կարծում եմ` այս գիտաժողովը հետագա համագործակցության, միմյանց աջակցելու եւ մարդկային վստահության դաշտ ձեւավորելու հնարավորություն եւ հիմք տվեց, եւ այս լավ սկիզբը, հուսով եմ` իր տրամաբանական շարունակությունը կունենա»: Այնուհետեւ ամփոփիչ քննարկում ծավալվեց, որի ընթացքում մասնակիցներից ոմանք առաջարկներով հանդես եկան: Մասնավորապես առաջարկ հնչեց նման միջոցառումների ժամանակ ընդգրկել նաեւ ԿԽՄԿ գրասենյակին, ինչը հավանության արժանացավ Պաշտպանության նախարարի կողմից: Նախարարը նշեց, որ ԿԽՄԿ-ն ընդգրկված է տարբեր միջոցառումներում եւ մի շարք խնդիրներում աջակցում է ԶՈւ-ին` հատկապես մարդասիրական ծրագրերի իրականացման գործում: Առաջարկ հնչեց ավելի ամրապնդել ռազմական եւ քաղաքացիական բժշկության միջեւ կապը: Ի պատասխան` նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ ՀՀ 23 բուժհիմնարկներ զորահավաքային ծրագրեր ունեն եւ միանգամից անցնում են ՊՆ ենթակայության տակ: «Արդեն մի քանի տարի է` առաջարկում եմ մեր ղեկավարությանը, որ ՀՀ առանձնահատկությունները հաշվի առնելով, փոքր տարածքը հաշվի առնելով, կարելի է ստեղծել համատեղ, միասնական բուժհիմնարկներ, որտեղից կարող են օգտվել քաղաքացիական անձինք եւ զինվորականները: Առողջապահության նախարարի հետ մենք մշակել ենք օրենսդրական համապատասխան առաջարկություններ եւ կառավարության որոշում, որ սկսենք մեկ հոսպիտալի ձեւավորումից, որը լինելու է Վարդենիսի տարածքում: Մեկ կառույցը կապահովի քաղաքացիական անձանց եւ զինվորականներին: Ի վերջո, ելնելով Հայաստանի տարածքի առանձնահատկություններից, մենք պետք է կարողանանք վտանգի պահին վերածվել ազգ-բանակի »,- շեշտեց նախարարը: Արտերկրից ժամանած հյուրերը եւս հանդես եկան ելույթներով: Որպես ամփոփում` Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ բոլոր զեկույցները, առաջարկները կընդհանրացվեն եւ կհրատարակվեն մի քանի լեզուներով: «Անկասկած, պետք է այսպիսի գիտաժողովները պարբերական դարձնել: Հաջորդ գիտաժողովը կանվանենք գիտագործնական, որպեսզի այս գիտաժողովի ժամանակ ունեցած առավելությունների վրա հենվելով` նաեւ թերությունները վերացնենք, ուշադրություն դարձնենք գործնական խնդրներին, ավելի բարձր մակարդակով վարժանքների անցկացմանը»,-ամփոփեց նախարարը:

Հասմիկ Գյոզալյան