Մարտավարամասնագիտական ռազմաբժշկական ցուցադրական զորավարժություն

Հոկտեմբերի 11-ին «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովի շրջանակներում ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցավ Մարտավարամասնագիտական ռազմաբժշկական ցուցադրական զորավարժությունը՝ ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության եւ ՀՀ արտակարգիրավիճակների նախարարության փրկարար ծառայության մասնակցությամբ: Զորավարժությանը ներկա էին ՀՀպաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, արտերկրից ժամանած հյուրեր եւ այլ բարձրաստիճան զինվորականներ: Զորավարժությունն սկսվեց հակառակորդի դիվերսիոն հետախուզական ջոկատի ներխուժման փորձի ներկայացմամբ. դիպուկ, կազմակերպված հակահարվածը չուշացավ: Հայտարարվեց վիրավորների մասին, եւ անհապաղ սկսվեց նրանց տարհանումը մարտական գործողությունների գոտուց, ապա առաջին բուժօգնության ցուցաբերումը: Ուղղաթիռներով եւ համապատասխան ավտոմեքենաներով վիրավորների մի մասը տեղափոխվեց մոտակա զինվորական բուժհաստատություններ, իսկ մյուսները՝ ռազմադաշտային բուժկետ, որտեղ ընդունող բուժքույրերը անմիջապես կազմեցին անհրաժեշտ թղթաբանությունը եւ ներկայացրին բուժկետի բժշկին: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ԲԾՄ ամբիոնի դասախոս, բուժծառայության մայոր Ռուբեն Կիրակոսյանը զննեց վիրավորների վերքերը, կատարվեց ցավազրկում, կանխվեցին նրանց կյանքին սպառնացող վտանգները, վիրավորներին տեղափոխեցին ռազմադաշտային հոսպիտալ: Ըստ դաշտային հոսպիտալի բուժական խմբի ղեկավար, բուժծառայության մայոր Վլադիմիր Էլիզբարյանի՝ ռազմադաշտային հոսպիտալը համալրված է անհրաժեշտ ախտորոշիչ-հետազոտող սարքավորումներով, վիրահատարանում առկա են բոլոր անհրաժեշտ բուժամիջոցներն ու սարքավորումները շտապ վիրահատություններ կատարելու համար: Եղանակային անբարենպաստ պայմաններում ռազմադաշտային հոսպիտալը կարողանում է պահպանել օդի անհրաժեշտ ջերմաստիճանը եւ՛ վիրահատարանում, եւ՛ այն վրաններում, որտեղ պառկած են վիրավորները: Զորավարժության հաջորդ մասում ներկայացվեցին պայմանական Ազատավան բնակավայրում դիվերսիայի ընթացքում տեղի ունեցած պայթյուններ. փլուզվեցին աստիճանավանդակները, հրդեհ բռնկվեց շենքի վերին հարկում եւ տանիքում: Հրդեհաշիջման եւ անհապաղ փրկարարական աշխատանքների իրականացման անհրաժեշտություն առաջացավ: Սկսվեց առաջին բուժօգնության ցուցաբերումը: Փրկարարական աշխատանքներին մասնակցեցին ԱԻՆ ստորաբաժանումներից հրշեջ-փրկարարներ, համապատասխան սարքավորումներով հագեցած ավտոմեքենաներ: Ներկաների գնահատմամբ արդյունքը տպավորիչ էր. ՀՀ պաշտպանության բանակի ձեռքբերումները ռազմաբժշկական ոլորտում անհերքելի են ու ակնառու: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով զորավարժության կազմակերպիչներից եւ մասնակիցներից շատերը պարգեւատրվեցին մարտական առաջադրանքը լավագույնս կատարելու համար: Ըստ ՀՀ ՊՆ ՌԲՎ պետի տեղակալ գնդապետ Տիգրան Ավետիսյանի, ով մասնակցել էր զորավարժությունների կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին, բոլոր մասնակիցները լավագույնս ցուցաբերեցին իրենց մարտական կամքը, ռազմավարական հմտությունները, եւ նրա, բոլորիս համոզմամբ՝ նույն տոկունությամբ, մարտական աննկուն ոգով, հաղթանակով կդիմակայեն ցանկացած թշնամու:
Էդիտա Մելքոնյան