ՀԿ-ի նպատակը և գործունեությունը

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» առողջապահական հասարակական կազմակերպությունը ոչ առևտրային կազմակերպություն է, որում իր անդամների շահերի ընդհանրության հիման վրա օրենքով սահմանված կարգով միավորվել են ֆիզիկական անձիք՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բժշկական ապահովման ոլորտում հետազոտություններ իրականացնելու, զինվորական բժիշկներին մասնագիտական և սոցիալ-իրավական հարցերով աջակցություն տրամադրելու, վերջիններիս գործառնական օգնություն ապահովելու, արտասահմանյան առաջավոր փորձի ուսումնասիրության հիման վրա ռազմաբժշկական համակարգի զարգացման առաջարկություններ ներկայացնելու, երկրի պաշտպանության բնագավառի բժշկական ապահովման ուղղվածությամբ հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակով:
Կազմակերպությունը գործում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ միջազգային պայմանագրերին, ՀՀ օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:
Կազմակերպության գործունեությունը հիմնված է օրինականության, հրապարակայնության, կամավոր անդամության, անդամների իրավահավասարության և ինքնակառավարման սկզբունքների վրա:
Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Այն կարող է գործել օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:
Կազմակերպության գտվելու վայրն է` ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան փողոց, 98 շենք, բնակարան 4:

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ԲԱԺԻՆ

2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
2.1. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝ օրենքով սահմանված կարգով՝
 Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտի բուժապահովման կազմակերպման և կառավարման կառուցակարգերի հետազոտումը, բուժսպասարկման գործառույթների իրականացման հիմնական մեթոդաբանության վերլուծությունը,
 Զինված ուժերի բժշկա-աշխարհագրական բնութագրի ուսումնասիրումը և բժշկական աշխատանքների կենտրոնացման հնարավորությունների վերլուծությունը,
 Ռազմաբժշկական ապահովման հնարավորությունների համադրումը արտասահմանյան առաջավոր փորձին և զարգացման ուղենիշների առաջարկումը,
 Զինվորական բժիշկներին մասնագիտական և սոցիալ-իրավական հարցերով աջակցություն տրամադրումը, բուժական միասնական մոտեցումների քննարկումը,
 Ռազմաբժշկական կրթության ու կադրային քաղաքականության բազմամակարդակ իրագործման մշտադիտարկումը և ներգրավվածությունը ԵՊԲՀ կրթական ու գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը,
 Հանրապետության քաղաքացիական առողջապահության և ռազմաբժշկական համակարգի ներկայացուցիչների հետ հետևողական աշխատանքների կազմակերպումը, գիտագործնական զարգացման հայեցակարգային ուղղությունների նախանշումը,
 Ռազմական բժշկության թեմաներով կատարվող գիտական աշխատանքների ու հետազոտությունների պարբերաբար ամփոփումը, հեռանկարային գիտական ծրագրերի նախաձեռնումը, պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմնի ղեկավարության հետ համաձայնեցված սոցիոլոգիական հարցումների անցկացումը և ամփոփ վերլուծականներով ներկայացումը: