ՀԿ-ի իրավունքներն ու պարտականությունները

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ԲԱԺԻՆ

3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

3.1. Կազմակերպությունն օգտվում է ՀՀ օրենսդրությամբ իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքներից, այդ թվում`
3.1.1. ունի առանձին գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, խորհրդանշան, շքանշան և մեդալ, ձևաթղթեր, իր անունով կնիք՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, խորհրդանիշով, հաշվարկային և այլ հաշիվներ բանկում` թե ՀՀ դրամով և թե արտարժույթով,
3.1.2. Կազմակերպության խորհրդանիշը իրենից ներկայացնում է՝
Արծիվ՝ կենտրոնում արևի ճառագայթներ, ներքևում՝ սուր, ծածկված վահանով, որի վրա պատկերված է ութթևանի աստղ, իսկ աստղի կենտրոնում պատկերված է բժշկական հիմնական տարբերանշանը՝ սկահակն օձով պարուրված:
Արծվի մարմինը կազմում է կլոր վահանը: Սուրը հորիզոնական դիրքով գտնվում է վահանի տակ: Աջ կողմում երևում է սրի կոթը, ձախ կողմում` սրի ծայրահատվածը:
Կլոր վահանի վրա պատկերված է ութանկյուն աստղ, որը հավերժության խորհրդանիշ է:
Ութանկյուն աստղի մեջտեղում պատկերված է բժշկական տարբերանշանը՝ սկահակը փաթաթված օձով:
Խորհրդանիշի վերևում և ներքևում կորաձև գրված է հասարակական կազմակերպության լրիվ անվանումը:
3.1.3. իր անունից կարող է ձեռք բերել գույքային և ոչ գույքային իրավունքներ և կրել պարտականություններ, հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող դատարանում,
3.1.4. ինքնուրույն որոշել իր կազմակերպական կառուցվածքը, խնդիրները, նպատակները և գործունեության ձևերը,
3.1.5. տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին,
3.1.6. կազմակերպել և անցկացնել խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր,
3.1.7. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել ու պաշտպանել իր և իր անդամների իրավունքները և օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում,
3.1.8. համագործակցել ոչ առևտրային այլ կազմակերպությունների, այդ թվում` միջազգային և օտարերկրյա ոչ կառավարական ոչ առևտրային կազմակերպությունների հետ, ինչպես նաև համակարգված գործունեություն ծավալելու, ընդհանուր շահեր ներկայացնելու և պաշտպանելու նպատակով այդ կազմակերպությունների հետ ստեղծել միություններ կամ անդամակցել նրանց ստեղծած միություններին` պահպանելով իր ինքնուրույնությունը և իրավաբանական անձի կարգավիճակը,
3.1.9. իր կանոնադրությամբ սահմանված կարգով ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ,
3.1.10. ստեղծել առևտրային կազմակերպություններ կամ մասնակից դառնալ այդպիսի կազմակերպություններին:
3.2. Կազմակերպությունը կրում է համապատասխան պարտականություններ, այդ թվում`
3.2.1. վարել իր անդամների հաշվառումը,
3.2.2. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում,
3.2.3. իր գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները ներկայացնել կազմակերպության ժողովի հաստատմանը ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ,
3.2.4. ցանկացած ֆիզիկական անձի պահանջով` ողջամիտ ժամկետում նրան հնարավորություն տալ ծանոթանալու կազմակերպության կանոնադրությանը,
3.2.5. Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում նրան տրամադրել կազմակերպության բարձրագույն և մյուս մարմինների որոշումների պատճենները, կազմակերպության գործունեության մասին այլ փաստաթղթեր, թույլատրել այդ մարմնի ներկայացուցիչերին ներկա գտնվելու կազմակերպության ժողովին,
3.2.6. առանձնացված ստորաբաժանում ստեղծելու և կազմալուծելու մասին որոշումներ ընդունելուց հետո, մեկամսյա ժամկետում, դիմել պետական գրանցման մարմին` սահմանված կարգով դրանք հաշվառելու և հաշվառումից հանելու համար:
3.3. Անօրինական գործունեություն ծավալելու համար կազմակերպությունն ու նրա պաշտոնատար անձինք կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն: