ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՄԵՐ ՏՈՒՆ, ՄԵՐ ԱՄՐՈՑ՝ ՀԱՅՈՑ ՓԱՌԱՊԱ՛ՆԾ ԲԱՆԱԿ

Հայոց բանակը կազմավորվել է դժվարին պայմաններում, երբ Արցախյան շարժմանը զուգահեռ մեզ պարտադրվել էր պատերազմը՝ հանուն Արցախի ազատագրման և պաշտպանության: Երկրաշարժից հետո, շրջափակման ծանր պայմաններում կամավորական ջոկատների շարքերը վերածվեցին կանոնավոր բանակի և կարողացան անձնուրաց նվիրումով ու հավատով, խելամիտ գործողություններով ու կարգապահությամբ կերտել 20-րդ դարի ամենացնցող հաղթանակներից մեկը՝ հաղթել թվով և սպառազինությամբ մի քանի անգամ գերազանցող թշնամուն՝ ապացուցելով, որ վտանգի պահին հայ ժողովուրդը ինքնակազմակերպվում է և համախմբված, մի բռունցք դարձած՝ դիմակայում իրեն ուղղված սպառնալիքներին: Նրանց քաջության հերոսական պատումները ձուլվեցին մեր արյան, մեր գենի մեջ, ձուլվեցին մեր արմատներին՝ հաղթողի հպարտություն ու վստահություն պարգևելով մեզ:

Ազգային բանակի սպանե՛ր, զինվորնե՛ր, դուք այսօր էլ համեստ ու լռելյայն թե՛ առաջնագծում և թե՛ թիկունքում, մարտական գործողությունների ամենաթեժ կետերում շարունակում եք վստահորեն իրականացնել ծառայությունը՝ անառիկ պահելով այն սրբազան հողակտորը, որ Ձեզ է վստահված: Փա՛ռք ու պատիվ Ձեզ:

Սիրելի՛ զինվորական բժիշկներ, անգնահատելի է Ձեր ավանդը զինված ուժերում. մարտական գործողությունների գոտում, չդադարող կրակահերթի ներքո տարհանելով վիրավորներին ու փրկելով մահվան ճիրաններից, բուժելով և շարք վերադարձնելով հիվանդ զինծառայողներին՝ հենց Դուք եք ապահովում բանակի մարտունակությունը՝ Ձեր անձնուրաց ծառայությամբ և մասնագիտական բարձր կարողություններով: Փա՛ռք ու պատիվ Ձեզ:

Խաղաղ ծառայություն ենք Ձեզ մաղթում…